Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով 15 միլիարդ ներդրման մասին հարցին, հայտարարել է, որ այդ ներդրումը կլիներ, եթե Ծառուկյան դաշինքը խորհրդարանի ընտրությանը ստանար 50+1 տոկոս ձայն:
«Դուք տեսաք, և երաշխավորները, և ամբողջ աշխարհում իմ գործընկերները բոլորն էլ ցանկանում են: Բայց, ասենք, ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 29 տոկոս, դա կմնա արդեն մյուս ընտրությանը», հայտարարել է Գագիկ Ծառուկյան:
Գագիկ Ծառուկյանը խոսելով 15 միլիարդի մասին, իրականում շոշափում է գուցե շատ ավելի փոքր ֆինանսա-տնտեսական ծավալի, բայց խորքային առումով իր համար շատ ավելի կարեւոր թեմա՝ իր եղած սեփականության անձեռնմխելիության եւ անվտանգության թեման:
Ծառուկյանը փաստորեն հայտարարում է, որ նա չունի անհրաժեշտ երաշխիքներ եւ չգիտե, թե ինչպիսին է լինելու Հայաստանի իշխանությունը վաղը, տվյալ պարագայում խոսքն առաջին հերթին 2018-ի մասին է, Սերժ Սարգսյանի հեռանալ-չհեռանալու, 2018-ի վարչապետի եւ իշխանության մեջ ուժերի նոր հարաբերակցության մասին:
Իհարկե, դժվար է ասել, Ծառուկյանը երաշխիք չի տեսնում ցանկացա՞ծ դասավորության մեջ, որտեղ ինքը չունի 50+1 տոկոս, թե՞ երաշխիք չի տեսնում, որ կարող է իրադրությունը զարգանալ ու դասավորվել այն տեսքով, որի պարագայում Ծառուկյանը կունենա որոշակի երաշխիք:
Օրինակ, եթե Սերժ Սարգսյանը հայտարարի, որ գնում է վարչապետի պաշտոնին, Գագիկ Ծառուկյանը դա կհամարի՞ երաշխիք եւ կապահովի՞ 15 միլիարդ «ներդրման» թեկուզ մի փոքր մասը: 2015 թվականի փետրվարի հայտնի զարգացումներից հետո նա Սերժ Սարգսյանի հետ կարծես թե չունի խնդիր: Սարգսյանն էլ հայտարարեց հայտնի ելույթում, որ Ծառուկյան գործարարի հետ խնդիր չունի: Դրանից հետո Սերժ Սարգսյանը մասնակցել է Ծառուկյանի նոր մի քանի բիզնեսի բացման արարողություններին: Ավելին, Սերժ Սարգսյանի կուսակից Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը սնանկացրել է իրեն՝ տանելով իր տոնավաճառի աշխատակիցներին: Այդպիսի հարցերը Հայաստանում չեն լուծվում առանց իշխանության ամենավերին հավանության կամ «ցուցադրական անտարբերության»:
Այդպիսով, 2015-ից ի վեր Սերժ Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանի գործերը զարգացել են բավական կայուն դինամիկայով: Հետեւաբար պետք է ենթադրել, որ եթե Սերժ Սարգսյանը պահպանի ազդեցությունը վարչապետի պաշտոնի տեսքով, Ծառուկյանի համար դա թերեւս կարող է լինել բավարար երաշխիք:
Արդյոք դա նշանակում է, որ հակառակ պարագան Ծառուկյանի համար ինքնըստինքյան դառնում է ռիսկ:
Այդ համատեքստում հենց օրերս տեղի ունեցավ բավական խորհրդանշական մի բան. կառավարության շենքի առաջ վարչապետի դեմ բողոքի էին հավաքվել մի քանի տոնավաճառի աշխատակիցներ, այդ թվում Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլի, որի միջոցով, ի դեպ, ըստ Աշոտ Աղաբաբյանի, տեղի է ունեցել հենց իր սնանկացումը:
Տոնավաճառների աշխատակիցները բողոքում էին ՊԵԿ կոշտ գործողություններից: ՊԵԿ-ն էլ, որը ղեկավարում է Կարեն Կարապետյանի թերեւս ամենավստահելի մարդկանցից մեկը՝ Հայռուսգազարի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը, հայտարարեց, թե իրենց խնդիրը ՓՄՁ-ները չեն, այլ նրանց հետեւում թաքնվող խոշորներն ու դրանց ստվերը: Իսկ բողոքի ակցիան ՊԵԿ-ը գնահատեց «ակնհայտորեն ուղղորդված», ինչը գործնականում աննախադեպ ձեւակերպում էր:
Իրավիճակը կարծես թե ժամանակավորապես հանգուցալուծվել է, թեեւ ՊԵԿ-ը հայտարարել է, որ շարունակելու է ստուգումները տոնավաճառներում, իսկ տոնավաճառների աշխատակիցները հայտարարել են բողոքը շարունակելու պատրաստակամության մասին:
Այն, որ այդ հարթությունը Հայաստանի տնտեսության ու քաղաքականության ստվերի իրապես լուրջ եւ հանգուցալուծում պահանջող մանիպուլյատիվ հարթություն է, վեր է կասկածից:
Տվյալ պարագայում, այդ իրավիճակը հետաքրքիր համադրությամբ է պրոյեկցվում երաշխիքների բացակայության այն խնդրի հետ, որ իր մասով ակնարկում է Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հարցերին պատասխանելիս:
Ծառուկյանի համար Կարեն Կարապետյանի վարչապետական գործունեության շարունակությունն ըստ ամենայնի հուսալի երաշխիք չէ, եւ Ծառուկյանն ըստ երեւույթին կամ իր երաշխիքն այլեւս ակնկալում է Կարապետյանից, ոչ թե Սերժ Սարգսյանից, կամ պարզ է, թե ում է ընդդիմություն լինելու Ծառուկյան դաշինքը խորհրդարանում, եւ ինչու էր այդ ընդդիմության «պատկառելի ներկայությամբ» ոգեւորվել Սերժ Սարգսյանը:

Նյութի աղբյուրը՝ Lragir. am