Արթուր Սարգսյանը («Սասնա ծռեր»-ին «հաց բերողը») եւ բժիշկ Լիզան եղել են «Ավրորա» մրցանակի հավակնորդների ցանկում, բայց, դժբախտաբար, նրանք ողջ չեն։ Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր, IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ Արթուր Սարգսյանը չի եղել «Ավրորա-2017»-ի մրցանակակիրների եզրափակչում հայտնվածների ցանկում։
Նրա խոսքով՝ մոտ 225 թկենածու է եղել։ «Գործընթացը կազմակերպվել է տարբեր փուլերով, որոշում ընդունել են փորձագետները»,-նշել է Վարդանյանը։ Դժբախտաբար, շարունակել է նա, մահացած մարդիկ չեն կարող լինել «Ավրորա»-ի մրցանակակիրներ։ «Եթե ես հնարավորություն ունենայի, ես հաղթանակ կշնորհեի բոլոր 225 թեկնածուներին, բայց դա, դժբախտաբար, անհնար է»,-հավելել է Ռուբեն Վարդանյանը։
Մարտի 16-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ «Սասնա ծռերին» «հաց բերող» Արթուր Սարգսյանը։ Ռուս հասարակական գործիչ ու իրավապաշտպան, կրթությամբ բժիշկ, «Արդար օգնություն» միջագային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն բժիշկ Լիզան 2016 թվականի դեկտեմբերի 25-ին զոհվել է Սոչիի ավիաաղետի ժամանակ։ Նա Սիրիա էր տանում դեղորայքի խմբաքանակ՝ Լաթաքիայում գտնվող Տիշրին համալսարանական հոսպիտալի համար։
Այսօր՝ ապրիլի 24-ին, «Ավրորա» մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը հայտնել են 2017 թվականին մրցանակի արժանանալու համար եզրափակիչ անցածների անունները։ Նրանք են՝ Սոմալիից մայր ու դուստ Ֆարթուն Ադդանն ու Իլվադ Էլմանը, Ջամիլիա Աֆղանին, որը զբաղվում է Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ, Սիրիայից 26-ամյա բժիշկ Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկբշվեբեն՝ Կոնգոյից եւ Թոմ Կատինան՝ Սուդանում աշխատող ամերիկացի բժիշկ։ Մրցանակակրի անունը հայտնի կդառնա հատուկ արարողության ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։ Ապրիլի 24-ից մայիսի 28-ը «Ավրորա» նախաձեռնությունը կիրականացնի միջոցառումների գլոբալ ծրագիրը, որոնց նպատակն է աշխարհին պատմել մրցանակ ստանալու համար եզրափակիչ փուլ անցածների ոգեշնչող պատմություններն ու այլ ծավալուն մարդասիրական նախաձեռնությունների մասին։
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրիգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական նախագիծն է։ «Ավրորա»-ն ներկայացված է երեք կազմակերպություններով՝ «100 Lives Foundation Inc.» (ԱՄՆ, Նյու Յորք), «100 Lives Foundation» (Շվեյցարիա, Ժնեւ) եւ «IDeA Foundation» (Հայաստան, Երեւան)։