Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի էներգետիկ ոլորտում կատարվող զարգացումներին և օրերս ռուսական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը, թե ռուսական «Ռուսհիդրո» ընկերությունը մոտ ժամանակներս քննարկելու է Սևան-Հրազդան հիդրոկասկադի վաճառքի հնարավորությունը:
Տնտեսագետի խոսքով՝ այս կասկադին անդրադառնալով՝ նախ պետք է հիշել նախապատմությունը, թե ինչպես «Գույք պարտքի դիմաց» ծրագրով այն տրվեց ռուսական կողմին:
«Հիմա ավելի շատ ինձ հետաքրքրում է այն, թե ինչքանով դա կվաճառվի: Հրազդանի չորս էներգաբլոկի վաճառքի գինը որևէ տեղ չի հայտնվել, չէ՞: Այ դա էլ է հետաքրքիր: Գույք պարտքի դիմաց ծրագրով 100 մլն դոլարի դիմաց, հիշում եք, թե ինչ սեփականություն տվեցինք Ռուսաստանին՝ Մարս գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ի 4 էներգաբլոկը, Սևան-Հրազդան կասկադը և այլ անշարժ գույք: Մի կարևոր հանգամանք կա այս կասկադի հարցով, թե ով է լինելու գնորդը, որովհետև սա ռուսական էներգետիկ շուկայում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակներում է նաև հետաքրքիր”,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Նա հիշեցնում է, որ Հրազդանի ՋԷԿ-ի 4 էներգաբլոկը ռուսական պետական ընկերությանն էր տրված, հիմա սեփականատերը Տաշիր Գրուպն է: Հաշվի առնելով Իրան-Հայաստան էներգետիկ ծրագրերի հանգամանքը, հավանաբար նաև դրանով է պայմանավորված, որ Տաշիրը փորձում է իր ներկայությունը մեծացնել Հայաստանի էներգետիկ շուկայում:
Տնտեսագետը նկատում է, որ Հայաստանի էներգետիկ շուկայում փոփոխություններ են տեղի ունենում:
“Նախ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփանականատիրոջ փոփոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում Տաշիր ընկերությունը դարձավ նոր սեփականատերը: Տաշիր Գրուպն ակտիվորեն մտնում է մեր էներգետիկ շուկա, և այստեղ դժվար է ասել, թե ինքն ինչ կապիտալ է ներկայացնում՝ ռուսական, թե հայկական: Կամ էլ խառը կապիտալ է ներկայացնում: Այս առումով է նաև հետաքրքիր Սևան-Հրազդան կասկադի վաճառքի հարցը, թե ով կդառնա սեփականատերը: Դրանից ելնելով՝ կարելի է գնահատական տալ՝ ռուսական կապիտալի ներկայությո՞ւնն է Հայաստանում փոքրանում, թե՞ ուղղակի ձևակերպումն է այլ լինում՝ դարձյալ ռուսական կապիտալի ներկայությամբ”, ասաց նա:
Հարցին, թե ինչի՞ն են միտված այս փոփոխությունները, տնտեսագետը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ գնորդների ֆինանսական միջոցների տեղաբաշխման խնդիր կա: Սովորաբար նման գործարքների դեպքում, ըստ նրա, Ռուսաստանում մեծ աղմուկ է լինում կամ բուռն քննարկումներ են ծավալվում: Բայց տվյալ դեպքում կարելի է ասել, որ այս կասկադի վաճառքի մասին լուրն աննկատ անցավ:
“Ամենայն հավանականությամբ, գնորդները չեն տարբերվում ռուսական կապիտալով գնորդներից կամ ռուսական ռեզիդենտներից: Դրա համար եմ ասում, շատ կարևոր է, թե ով է ձեռք բերում Սևան-Հրազադան կասկադը: Ինձ համար կարևոր է նաև, թե ինչ գնով է դա ձեռք բերվում: Դա այն կասկադն է, որն իհարկե ներդրումների կարիք ունի, բայց իր գործունեության առումով հաստատ բիզնեսի համար մեծ հետաքրքրություն կներկայացնի”,- ասաց տնտեսագետը:
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ եթե նայում ենք վերջին տարիների Հայաստանի ներդրումների ցուցանիշը, ռուսական կողմը հիմնականում էներգետիկ շուկայում է ներդրումներ իրականցրել: Բայց ռուսական ընկերություններն արդյունավետ չեն գործել Հայաստանի էներգետիկ ոլորտում:
Ըստ տնտեսագետի՝ ՀԷՑ-ի օրինակը դրա լավագույն ապացույցն է, թե ինչպես չպետք է կառավարել որևէ ընկերություն: Նույնը կարող ենք ասել Սևան-Հարզդան կասկադի մասին: Ոլորտում խնդիրներ կան կուտակված՝ քաղաքացիներն ստացել են ավելի թանկ հոսանք, հովհարային անջատումներ ունենք, համակարգի վիճակն ընդհանրապես անմխիթար է:
Պարտքի դիմաց ռուսական կողմին ընկերություններ տալու գործարքը տնտեսագետը շատ անձնական մտերմիկ միտումներով իրականացված գործարք է համարում: Հակառակ դեպքում, ըստ նրա, որևէ մեկը չի կարող հիմանավորել, թե ոնց եղավ, որ պարտքի դիմաց ՀՀ սեփականություն հանդիսացող էներգետիկ հզորություններն անցան Ռուսաստանին: Նման հիմնավորում չի եղել ի սկզբանե:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի վաճառքի գործարքին՝ դա տեղի ուենցավ օրենքի կոպիտ խախտումով, շատ հարցականներ կային, որոնք ավելի քան 10 տարի անց միայն դուրս եկան ջրի երես: Այսինքն՝ ամբողջ էներգետիկ ոլորտում մութ պատմություններ են:
Ընդհանուր առմամբ, ոլորտում բարեփոխումների կարիք կա: Վահագն Խաչատրյանի խոսքով՝ պետք է արմատապես փոխել սակագների հաշվարկման մեթոդիկան: Երկրորդ, մենք ունենք հզորություններ, որոնք չենք կարողանում օգտագործել՝ զուտ սպառման խնդիրների պատճառով: Հայաստանի հասարակությունը տարեցտարի ավելի քիչ էլեկտրաէներգիա է սպառում: Խոստումներ են եղել, որ պետք է նոր շուկաներ գտնել, վաճառել էլեկտրաէներգիան, բայց գործը առաջ չի գնում: Այդ պայմաններում, ըստ նրա, ամբողջ էներգետիկ համակարգը չի կարող լիարժեք աշխատել:
“Այսօր ունենք մի էներգետիկ համակարգ, որի տրամաբանությունը կառուցվել է այլ տրամաբանությամբ: Ամբողջ էներգետիկայի բեռը ժողովրդի վրա գցելով՝ փորձում են զարգացում ապահովել, բայց չի լինի: Նաև կարևոր հարց էլ կա՝ կապված ապագայի հետ. Ի՞նչ ենք անելու, ատոմակայան ունենալո՞ւ ենք, թե ոչ: Եթե ոչ, դրա փոխարեն ի՞նչ ենք ունենալու, եթե կառուցելու ենք, ապա ի՞նչ միջոցներով”, ասաց նա: