ԱԺ գործող պատգամավոր Թևան Պողոսյանն իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է լուսանկար. Դավթաշենում խորը էտած ծառերից մեկը կանաչ շիվեր է տվել: «Այս լուսանկարն արված է քիչ առաջ, Դավիթաշենում։ Սա այն ծառերից մեկն է, որոնք էտելու համար չորս անչափահաս երեխաների հայրը հիմա բանտում է, որքան էլ մարդը փորձում էր բացատրել, որ ինքն իր տնկած ծառերը փչացնելու շահ չուներ, ինքը դրանք պարզապես էտել է։ Լավ նայեք այս լուսանկարը, տիկնայք ու պարոնայք։ Այն շատ բանի մասին է խոսում»։
Իսկապես շատ բանի մասին է խոսում: Դավթաշենում ծառերի հատումը մեծ աղմուկ առաջացրեց ոչ միայն մտահոգ քաղաքացիների շրջանում: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու նիստում խրոխտ հայտարարություններ արեց, իսկ Սերժ Սարգսյանն էլ իրավապահներին հրահանգեց պատժել:
Որքա՞ն ծառ, կանաչ տարածք է ոչնչացվել Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք՝ հանուն ախպերության օբյեկտների: Կամ որքան անտառ է ոչնչացվել Տարոնի շեֆի՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Միայն Թեղուտի անտառը բավական է:
Պարզապես, Տարոն Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է»: Իսկ Դավթաշենի ծառերը կտրողը երեւում է «յուրային չէր», քվոտա չուներ, կամ նման մի բան: Ու հարմար առիթ էր ընտրական փիառի համար:
Իսկ Հայաստանում ներկայում ազատ շրջում են վաղեմության ժամկետը չանցած տարբեր մաստի հանցագործներ, որոնք կամ պաշտոնյաներ են, կամ նրանց մերձավորները, կամ «շեստյորկաները», իսկ իրավապահները քափ ու քրտինքի մեջ ընկած պաշտպանում են նրանց օրենքից: Օրինակ, Տարոն Մարգարյանի հարստության ծագման մասին հարցերից:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am