Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու եւ դին Զանգու գետը նետելու մեջ կասկածվողին այսօր` ապրիլի 28-ին, ոստիկանները բերել են սպանության վայր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կասկածյալը Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օ.-ն է. նա կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու եւ դին Զանգու գետը նետելու մեջ։ Նա ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նետել է դին։

Ապրիլի 21-ին սպանվածի կինը՝ 56-ամյա Սրբուհի Ս.-ն, ոստիկանության Մասիսի բաժին հայտարարություն է տվել, որ ժամը 14։00-ի սահմաններում իր ամուսինը՝ Հարություն Ազատյանը, ով տաքսի էր վարում, իրեն պատկանող Opel Astra G մակնիշի 34 ՏF 386 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։

Սպանության վայրում կասկածյալը մատնացույց է արել այն տեղը, որտեղ երկաթով սպանել է իր զոհին, այնուհետեւ դին տեղափոխել զոհին պատկանող ավտոմեքենայի մեջ, տեղափոխել սպանության վայրից եւ նետել Զանգու գետը։ Կասկածյալը հայտնել է նաեւ, որ համոզվելու համար, որ զոհը մահացել է, մեկ անգամ էլ Opel-ով անցել է դիակի վրայով։

Դեպքի վայր են ժամանել նաեւ Սեւանի ջրասուզակները, քանի որ կասկածյալը հայտարարում է, որ դին նետել է գետը։

Աղբյուրի փոխանցմամբ, կասկածյալը պայմանագրային զինծառայող է, նախկինում մեկ այլ տաքսիստի մարմնական վնասվածք պատճառելու համար Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտված է եղել։