Lragir.am-ը գրում է.

   Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը հայտարարել է, թե Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքը փաստացի դարձել է Հայաստանի առաջին «արեւային գյուղը»:
Հարությունյանը հայտնել է, որ Լեռնամերձում իրականացվեց ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվեց արևային ջրատաքացուցիչներով:
Ըստ Արմենպրեսի, գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի, 25-ի վրա էլ տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային համակարգեր: Միաժամանակ բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր: Այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ:
Էներգետիկայի նախարարի տեղակալը փաստացի հայտարարել է Հայաստանում հեղափոխություն իրականացրած առաջին գյուղի մասին: Խոսքը գյուղում ընդդիմության հաղթանակի մասին չէ: Խոսքը էներգետիկ հեղափոխության մասին է, որն իր խորքային, համակարգային ներուժով ունի առավել մեծ նշանակություն: Իհարկե, գյուղի հանրությունը եւ հանրապետությունը դեռ պետք է տեսնեն, թե ինչպես է աշխատում հեղափոխությունը, արդյոք լինելու է հակահեղափոխության փորձ՝ կլինի ըստ ամենայնի, եւ լինելու՞ է արդյոք այդ փորձին արդյունավետ դիմադրություն:
Լեռնամերձի հեղափոխությունը դեռ պետք է անցնի ժամանակի քննությունը: Բայց Արմավիրի մարզի այդ գյուղում տեղի է ունեցել իսկապես կարեւոր մի գործընթաց, որի ընդլայնումը Հայաստանի համար ոչ միայն էներգետիկ, այլ նաեւ ազգային անվտանգության եւ ինքնիշխանության ռազմավարական խնդիր է:
Ինչպես երեւում է տեղեկությունից, ներդրման ծավալը կազմել է 40 միլիոն դրամ: Հեղափոխությունը մեկ առանձին գյուղում արժե 40 միլիոն դրամ: Հիմա պատկերացնենք, թե քանի՞ այդպիսի հեղափոխություն է հնարավոր իրականացնել Հայաստանում, ասենք նույն Արմավիրի մարզպետարանի տարեկան բյուջեով, եթե այդ բյուջեն պահի ոչ թե մարզպետարանը, որն այլ բան չէ, քան 1995 թվականից Հայաստանում ներդրված իշխանական կարկանդակի ընդամենը մի կտոր, այլ ներդրվի այլ գյուղեր արեւային դարձնելու ուղղությամբ:
Մարզպետարանների համակարգը պետական բյուջեից տարեկան կլանում է մի քանի տասնյակ միլիարդ դրամ: Այդ կառույցների գործառույթն ընդամենը տեղերում կենտրոնական իշխանության շունչ լինելն ու ընտրական գործընթացներում վերարտադրությունը համակարգելն է: Պետության, համայնքների զարգացման հարցում գործնական որեւէ իմաստ մարզպետարանները չունեն եւ ավելին, դրանց գոյությունը թե ֆինանսական, թե ավելորդ բյուրոկրատական տեսանկյունից արգելակում է համայնքներում որեւէ դրական հեռանկարի ձեւավորում:
Մարզպետարանների կլանած տարեկան մի քանիտասնյակ միլիարդ դրամով Հայաստանում քանի՞ համայնք կարող է անցում կատարել այսպես ասած արեւային էներգիայի: Դա մուլտիպլիկատիվ ի՞նչ էֆեկտ կարող է ունենալ թե համայնքների տնտեսական էֆեկտիվության, թե նաեւ համապետական մասշտաբով արեւային էներգետիկայի զարգացմանը նպաստելու առումով:
Իսկ դրանով փաստացի կբազմապատկվի հեղափոխությունը, ոչ միայն համայնքների թվաքանակի, այլ նաեւ այսպես ասած հարթության իմաստով՝ հեղափոխություն էներգետիկ համակարգում, որը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի ամբողջ տնտեսա-քաղաքական համակարգի վրա ազդեցության տեսանկյունից, եւ հեղափոխություն Հայաստանի կառավարման ու բյուջետային օպտիմալացման համակարգում՝ մարզպետարանների բացարձակապես ավելորդ վարչական օղակի չեզոքացում:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am