Քաղաքապետարանը չպետք է թաղամաս վերակառուցի, եւ քաղաքապետարանին դրա համար գումար անհրաժեշտ չի: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, Կենտրոն վարչական շրջանում, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով` թաղամաս կառուցելու խնդիրը ներդրողներինն է, եւ պետք է բոլոր հնարավորությունները տալ մասնավոր ընկերություններին:

«Քաղաքապետարանը չպետք է թաղամասը վերակառուցի եւ քաղաքապետարանին գումար անհրաժեշտ չի, մենք է պետք է հնարավորություն ստեղծենք, մասնավոր ներդնողների միջոցով դա իրականացնենք: Սա խորհրդային տարիները չեն, որ պետությունը թաղամասեր կառուցի: Մասնավոր ընկերություններին պետք է բոլոր հնարավորությունները տալ: Մենք ունենք թաղամասեր կառուցած՝ հենց մասնավոր ներդնբողների միջոցով: Դա քաղաքապետարանի միջոցներով չի իրականացվում»,-ասաց նա:

Տարոն Մարգարյանին մոտեցավ մի կին, բռնեց նրա ձեռքը եւ ինչպես ինքը ասաց` «մասսայական հայտարարում է» այն մասին, որ սիրում է նրան. «Ես սիրում եմ, ընտրում եմ: Ես սա կասեմ մասսայական, որ ընտրելու եմ Ձեզ, իսկ Ավագանի` Արմեն Սահակյանին: Սիրում եմ, հարգում եմ, շատ տեղ եմ տալիս իմ կյանքում Ձեզ»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի է ունենալու մայիսի 14-ին, որին մասնակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը: