«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերը, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու եւ ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը: Եւ այդ առումով վաղուց ի վեր ձեւավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված անձանց մի մասին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին:

Նկատի ունենալով այս հանգամանքը` «Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայություն` խնդրելով հայտնել, թե 2016 եւ 2017 փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում քանի դատապարտյալ, կալանավոր է ՔԿՀ-ներից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ներման կամ այլ միջոցների հիմքով ազատ արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտած պատկերն ուշագրավ էր. նախորդ տարի «այլ հիմքերով» ազատ է արձակվել 79-ը, այս տարի՝ 112 հոգի: Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մեջ վաղաժամկետ ազատ է արձակվել 19 հոգի, ներման արդյունքում՝ 3 եւ այսպես շարունակ:

Ասել է, թե ՀՀԿ իշխանությունը ձեւավորվել է կրիմինալի միջոցով, եւ բնական է, որ հաշվետու է ոչ թե ժողովրդին, այլ նույն այդ քրեական էլեմենտներին: Ու պատահական չէ, որ Հայաստանն օրենքով գողերի համար դարձել է հավաքներ անցկացնելու ազատ երկրներից մեկը. չէ՞ որ քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն կերպ սերտաճած են ՀՀ իշխանության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում