Նիկոլ Փաշինյանի հետ ունենք տարբեր գաղափարախոսություններ, չեն համընկնում ոչ գաղափարախոսությունը, ոչ սկզբունքները, ոչ ծրագիրը. մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը, մեծամասնություն ենք կազմելու եւ իհարկե տապալելու ենք ՀՀԿ-ին: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Սարի թաղում նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով «Դեմ եմ Հանրապետականին» նախաձեռնության առաջարկին՝ միանալ «Ելք»-ի հետ եւ հաղթել ընտրություններում:

«Ով ուզում է մեզ միանալ, մենք մեծ սիրով նրանց կընդունենք, որովհետեւ մենք գնում ենք գրավելու: Իսկ այնտեղ արդեն, եթե հնարավոր լինի համագործակցության մեր սկզբունքների, գաղափարների շուրջ, մենք դա կանենք: Փաշինյանն արդեն իսկ պատգամավոր է, նա պահանջված է խորհրդարանում:

Իսկ ես դառնում եմ քաղաքապետ եւ ազատագրումն սկսում եմ Երեւանից»,-հայտարարեց Փոստանջյանը:

Հիշեցնենք,  որ «Դեմ եմ հանրապետականին» նախաձեռնությունը կոչ է արել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին ու «Ելք» դաշինքով քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին՝ միավորվել։ Ըստ նախաձեռնության՝ այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն չի հաղթի գալիք ավագանու ընտրություններում։

Նշենք, որ միավորվելու մասին հայտարարելու վերջնաժամկետը մայիսի 4-ն է։

Նախաձեռնության պատրաստած տեսահոլովակում նշվում է, որ «Ելք»-ը եւ «Երկիր Ծիրանին» կարող են ընտրություններում ստանալ քվեների 51 տոկոսը, սակայն օրենսդրությունը թույլ չի տալիս կոալիցիա կազմել: Փոխարենը քաղաքապետ նշանակում է այն ուժը, որը 40 տոկոսից ավելի ձայն է ստանում. «Այսինքն եթե «Ելք»-ը եւ «Երկիր Ծիրանին» 30-ական տոկոս ձայն ստանան, քաղաքապետ կնշանակի 40 տոկոս ստացած ՀՀԿ-ն: