Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, 64-ամյա Գոհարին մեղադրանք է առաջադրվել հարսին դաժանորեն ծեծելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ տարեց կինը որդուն ՌԴ արտագնա աշխատանքի ճանապարհելու նպատակով ամուսնու հետ միասին գնացել է նրա բնակարան: Այստեղ նա անձնական անբարյացակամ հարաբերությունների և կենցաղային հարցերի պատճառով վիճաբանել է հարսի հետ եւ ծեծել նրան. Հարսի մազերը հավաքել է բռի մեջ և մի քանի անգամ գլուխը հարվածել է սանհանգույցի պատին, ապա ճանկռել է դեմքը, այնուհետև մազերը բռի մեջ հավաքած քարշ տալով տարել է ննջասենյակ, գցել հատակին:

Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ գործն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: