«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:

Երեկ արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան:

Այն, որ նախընտրական ցուցակներում ընդգրկվելով՝ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում սովորություն ունեն միանգամից մանդատից հրաժարվելու դիմումներ նախապատրաստել, հայտնի է: Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները ստորագրում են դատարկ թղթերի տակ, որոնք անհրաժեշտության դեպքում լրացվում են մանդատից հրաժարվելու մասին դիմումի բովանդակությամբ: Սա նոր բան չէ, կիրառվել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ:

12 հոգի, փաստորեն, կազմակերպված ձեւով դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա պատահեց: Ինչո՞ւ էին այդ մարդիկ առհասարակ հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, եւ ինչու նրանք ընտրվեցին ինքնաբացարկի համար: Եթե Ծառուկյանը չի ուզում, որ նրանք նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում լինեն, ո՞վ է, որ այնուամենայնիվ ցանկացավ, որ նրանք լինեն:

Հավանականությունը, որ այս մարդիկ իրարից անկախ են գնացել Գագիկ Ծառուկյանի դեմ, գրեթե զրոյական է: Ակնհայտ է, որ գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ, ինչի վկայությունն է նաեւ Մուշեղ Սաղաթելյանի՝ կայծակնային արագությամբ ԿԸՀ ներկայանալը: Սաղաթելյանն այսօր առավոտյան armtimes.com-ին ասել էր, որ Շիրակում է եւ դժվար թե գա Երեւան՝ ԿԸՀ նոր դիմում տալու համար, բայց առաջինը հայտվեց ԿԸՀ նիստին:

Վերլուծաբաններն այս ընթացքում գրում էին, որ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում իր համար մեծ «խմբակցություն» է հավաքում, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի ներգրավմամբ: Արդյոք այս պրոցեսը կապ ունի նշյալ վերլուծությունների հետ, եւ Սերժ Սարգսյա՞նն է կանգնած Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմի դուրս եկած անձանց թիկունքում, ցույց կտան առաջիկա զարգացումները:

Մի բան պարզ է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այսօր, քաղաքական ապտակ էր Ծառուկյանին: Ու մի տեսակ արդեն դաժան է նրան դուրս հանել քաղաքականությունից, հետ բերել քաղաքականություն, 10 միլիոն դոլարի վնաս տալ եւ այսպիսի ապտակներ հասցնել:

Հ.Գ. ԿԸՀ նիստի ընթացքում լուր եղավ, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Նապոլեոն Ազիզյանի տանն է: Ճիշտ է, վերջինս այդ այցը մեկնաբանեց որպես բարեկամական տեսակցություն հիվանդին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն ամեն դեպքում հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում