Հայաստանի փոքր գյուղերում դպրոցների քանակի կրճատումն անխուսափելի է։ Այս մասին մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Նա ուշադրություն է դարձրել, որ հանրապետության 1 380 պետական դպրոցներից 222-ում 50-ից քիչ աշակերտ է սովորում, դրանցից 34-ում՝ 10-ից էլ քիչ։ Մի քանի տարբեր դասարաններ ստիպված միասին են սովորում։

Այդ դեպքում 2-3 կմ հեռավորության վրա գտնվող 2-3 գյուղերի աշակերտների համար նախընտրելի է միասին սովորելը, հավելեց Լոքյանը։

Ընդ որում նախարարությունը հնարավորության դեպքում կձգտի պահպանել դպրոցները, հավելեց նա։

«Իսկ մանկավարժներին այսպես թե այնպես չենք կրճատելու։ Քանի որ փոքր դպրոցներում ոչ միայն աշակերտներն են քիչ, այլեւ ուսուցիչները։ Նույն ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում։ Իսկ 2-3 դպրոցներից էլ հենց կկարողանանք ամբողջական ուսուցչական կազմ հավաքել»,- նշել է Լոքյանը։