Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, 2 մանկահասակ երեխաների հայր, 32-ամյա Սամվել Կոծինյանը վաճառքի է հանել սփական երիկամը, որպեսզի դրա գումարով կարողանա կառուցել 2-ամյա աղջկա եւ ծնողների գերեզմանները: Լոռիում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սամվելը պատմեց, որ աղջիկը մահացել է 2016թ-ի ապրիլին, իսկ մայրը՝ փոքրիկի մահվանից մեկ ամիս առաջ:

«Աղջիկս մեկ ու կես տարեկան էր, բժիշկները զոբ հայտնաբերեցին, ինչպես նաեւ սրտի ու թոքի արանքում չարորակ ուռուցք: Երկու ծանր վիրահատություն տարավ: Բարի մարդկանց ու բժիշկները ամեն ինչ արեցին, սակայն հիվանդությունը ավելի ուժեղ գտնվեց…»,-պատմեց Սամվելը, հավելելով, որ մեկ տարվա ընթացքում իրեն չի հաջողվել անգամ տապանաքարեր դնել գերեզմանի վրա:

«Ոչ ես, ոչ կինս մշտական աշխատանք չունենք, ես եմ բանվորություն ու տարբեր աշխատանք անում, որ մյուս երկու որդիներիս սննդի ու ապրելու հարցերը լուծեմ: Չեմ բողոքում, կարողանում եմ ընտանիքիս կենցաղային հարցերը հոգալ, բայց գերեզմանը սարքել անկարող եմ»,-ասաց նա:

Սամվելն ապրում է Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում: Տղաներից ավագը սովորում է առաջին դասարանում, փոքրը մանկապարտեզ է հաճախում: Սամվելի պնդմամբ՝ ինքը քաջատեղյակ է, որ Հայաստանում եւ առհասարակ մարդու օրգանների վաճառքն արգելված է եւ քրեորեն պատժելի, սակայն ինչպես ինքն է պնդում, «Ինձ համար կարեւորը ծնողներիս ու երեխուս գերեզմանը սարքելն է, իմ խղճի առաջ մյուս օրենքները չեն գործում»: Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Սամվելի հեռախոսահամարին 094 81 25 98:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am