Երևանում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իր փաստացի կնոջ 10 տարեկան դստեր հետ տնակում միայնակ գտնվելու հանգամանքից և օգտագործելով նրա անօգնական վիճակը, նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել։

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ։ Հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: