Մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել եւ չենք զոհաբերելու։ Այդ մասին ասվում է Հաղթանակի եվ խաղաղության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:

Առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են: Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը նրանց հանդեպ: Նաեւ առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով եւ մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի եւ զարգացման հեռանկար:

Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Թե՛ մեր ռազմիկները կռվի դաշտում, թե՛ մեր աշխատավորները թիկունք դարձած Հայաստանում, թե՛ մեր հայրենակիցները սփյուռքում պատվով բռնեցին այդ քննությունը: Դա մեզ համար իրապես դարձավ Հայրենական մեծ պատերազմ: Մենք աշխատեցինք մեր ուժերի չափով, իսկ երբեմն մեր ուժերից վեր սխրանքներ գործեցինք՝ մոտեցնելով հաղթանակն ու բաղձալի խաղաղությունը:

1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործությունը եւ դրա ամբողջական պատմական նշանակությունն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատվել եւ վերլուծվել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին եւ պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել եւ չենք զոհաբերելու:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Սա մարդատյաց քարոզչության եւ բռնության դեմ պայքարի ելածների եւ այդ պայքարում հաղթած հերոսների տոնն է: Անմահները մեր շարքերում են, եւ սա բոլորիս տոնն է:

Մաղթում եմ խաղաղություն եւ ստեղծարար աշխատանք»: