Երեւանում մայիսի 10-ին բնակարանում կախված վիճակում հորն ու եղբորը հայտնաբերել է ընտանիքի մյուս որդին:Հակոբյանների հարեւանները պատմեցին, որ կախված հայտնաբերված 29-ամյա Սեւակ եւ 63–ամյա Հարություն Հակոբյանների տնից դեպքի պահին գազի սուր հոտ է եկել: Հարեւանի խոսքով, հայրը որդուն պատշգամբում կախված հայտնաբերելուց հետո ինքը եւս կախվել է:

«Երեք հոգով էին ապրում՝ հայրն ու երկու որդիները: Մահացողը Հարությունի ավագ որդին է, իսկ փոքրը մտավոր հետամնաց է: Նա դեպքի պահին տանը չի եղել, երբ եկել է՝ դուռը չի կարողացել բացել: Հետո բարեկամուհուն է ասել, որն եկել ու զանգել է փրկարարներին: Դուռը ջարդելուց հետո են կարողացել մտնել բնակարան»,-պատմեց հարեւանը:

Հարեւանի խոսքով, Հակոբյանները չեն շփվել ոչ մեկի հետ, նրանք հիմնականում բնակարանից դուրս չեն եկել, ապրել են սոցիալական ծանր պայմաններում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մեկի բնակիչները՝ հայր եւ որդի, տեւական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին: Փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետեւ տան դուռը, բնակարանում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում:

Կատարվում է քննություն: