Կարեն Կարապետյանի կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում օպտիմալացման ծրագիրը. նրա թիրախում այժմ դպրոցները, բուհերը, քոլեջներն ու ուսումնարաններն են:
Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը: 2-ամսյա ժամկետում ԿԳ նախարարությունը Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հաստատման պետք է ներկայացնի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը: Հանձնարարվել է նաև 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի և շահագրգիռ կողմերի հետ քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ նախագիծը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի առաջարկությունների հիման վրա լրամշակել և ներկայացնել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, 4-ամսյա ժամկետում՝ մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ, 1-ամսյա ժամկետում՝ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման (խոշորացման) վերաբերյալ:
ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման ներդրման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր մեր բուհական համակարգում ներդրվող որակի ապահովման մեխանիզմները գործնական կիրառություն չեն ստանում: Անհրաժեշտ է մշակել կրթական համակարգի զարգացման ծրագիր: Այս ծրագիրը պետք է հիմնված լինի երկրի տնտեսության և գիտելիքի երեք բաղադրիչների՝ ուսուցման, հետազոտության և կրթության կապի վրա»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման գործընթացը պարտադիր դարձնելու և այդ գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացվի բուհերի կառավարման արդյունավետության ցուցանիշների ներդրման հայեցակարգ, դրա ներդրման ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը, հաշվի առնելով մեր կրթական համակարգի առաջ ծառացած մարտահրավերները՝ բուհ-տնտեսություն կապն ապահովելու համար:
Մինչ այս կառավարությունը հայտարարել էր նաև լեզվի տեսչությունը մինչև տարեվերջ լուծարելու մասին: Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում. նորից հարվածի տակ են դպրոցները, որոնց վրա դամոկլյան սրի նման կախված է օպտիմալացման տխրահռչակ ծրագիրը: Ի՞նչ չափանիշով է կատարվելու քաղաքային դպրոցների օպտիմալացումը. ԿԳ նախարարություն կատարած այցի ժամանակ վարչապետը պահանջել էր քաղաքային դպրոցների համար բազային տվյալ համարել 450 աշակերտի առկայությունը: Բացի այդ, պարզվում է, կա նաև գյուղական դպրոցների օպտիմալացման ծրագիր, որով զբաղվում են մարզպետարաններն ու տարածքային կառավարման նախարարությունը, ինչի մասին մի քանի օր առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿ նախարար Դավիթ Լոքյանը: Այս հայտարարությունները տագնապ են առաջացրել տարբեր դպրոցներում, որոնք այս պահին նշված թվով աշակերտներ չունեն: Այս կարգի դպրոցների մանկավարժները համոզված են, որ իրենք կարող են մոտ ապագայում գործազուրկ դառնալ:
Հայկական դպրոցները երբեք որևէ այլ կառավարության օրոք նման ճգնաժամային վիճակում չեն հայտնվել: Ծրագիրն իրագործվում է ֆինանսների տնտեսման և կրթության որակի բարելավման անվան ներքո և ամենևին հաշվի չի առնվում սոցիալական այն մեծ ռիսկը, որ կարող է առաջ բերել դպրոցների օպտիմալացումը:

Նյութի աղբյուրը՝ Hayeli. am