Արդեն գրեթե մեկուկես տասնամյակ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է նորածինների ամենատարածած անունների ցանկը։ Հենց առաջին նման հրապարակումներից հետո պարզ դարձավ միանգամայն օրինաչափ միտում։ Այդ վարկանիշի առաջին տողերում տարեցտարի կրկնվում էին նույն անունները։ Թե տղաների, թե՛ աղջիկների։ Դա միանգամայն հասկանալի է, քանի որ անունների հարցում էլ է նորաձեւության միտումը գործում։ Բոլոր ծնողներն ուզում են իրենց երեխաներին «նորաձեւ» անուն տալ։ Դրա համար էլ «շատ նորաձեւ» անունով նորածինների տոկոսը կարող է բավականին բարձր լինել։

Եվ այսպես, ինչպես անցած, այդպես էլ նախանցած տարի ամենատարածված անունը՝ Դավիթը, տրվել է յուրաքանչյուր հարյուր նորածին տղաներից յոթին։ Հայկական էպոսի հերոսի՝ Դավիթի անունը ընդամենը ստացել է 1549 տղա։ Իսկ ահա առաջին տեղը զբաղեցրած Մարիա անունը յուրաքանչյուր 100 նորածին աղջիկներից «ընդամենը» չորսն են ստացել։ Անցած տարի Մարիա անունով 746 աղջիկ է լույս աշխարհ եկել։ Եթե համեմատենք անցած ու նախանցած տարիներին տղաների անունների առաջին տասնյակը, ապա տասը անուններից ութը կրկնվում են։ Միայն Արմանն է փոխարինվել Արմենով, իսկ Ալենը՝ Մարկով։ Աղջիկների անունների ցանկում որեւէ փոփոխություն, դիրքերի վերաբաշխումից բացի, տեղի չի ունեցել։ Բոլոր անունները վերջին երկու տարիների ցանկերում նույնն են մնացել ։

Իսկ եթե համեմատենք նորածինների ամենատարածված ազգանունների վարկանիշները, ապա զարմանալի զուգադիպություն է նկատվում։ Թե աղջիկների, թե տղաների մոտ ամենատարածված ազգանունն անցած տարի եղել է Սարգսյանը։ Ընդ որում դրանով զուգադիպությունները չեն ավարտվում։ Երկրորդ տեղում թե տղաների, թե աղջիկների շրջանում Գրիգորյան ազգանունն է, իսկ երրորդ տեղում՝ Խաչատրյանը։ Ճիշտ է, առանձին ազգանունների մասնաբաժինն այդքան էլ բարձր չէ։ Օրինակ Սարգսյան ազգանունը հանդիպում է նորածին տղաների ընդամենը 3․0 տոկոսի, եւ աղջիկների՝ 2․8 տոկոսի մոտ։