Քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, այսօր՝ մայիսի 14-ին, 4/7 ընտրական տեղամասը բացվելուն պես շատապել է քվեարկության:

«Եկել եմ մարտական տրամադրությամբ: Ամբողջ գիշեր դիտարկել ենք ընտրատեղամասերը, հայտնաբերել ենք, որ 9/46 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը տեղափոխվում էր ոտիկաների կողմից: Ունենք տվյալներ, որ չհրկիզվող պահարանները, դրանց շուրջ 50 տոկոսը, չեն եղել տեսանելի դաշտում: Ամբողջ օրը վերահսկելու ենք ընտրատեղամասերի եւ դուրսը, եւ ներսը: Խմբերով անցկացնելու ենք ակցիաներ, քանի որ ունենք լուրեր, որ մարդկանց ուղղորդում են ընտրատեղամաս, բաժանում են տարբեր գրիչներ, որի միջոցով պետք է նրանք նշումներ կատարեն քվեաթերթիկի վրա», - նշեց Զարուհի Փոստանջյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին հորդորեց գնալ ընտրատեղամաս, չենթարկվել ճնշումների, հավատան, որ գնում են մարտի, եւ մարտի դաշտը քվեախցիկն է, որտեղ մարդը մենակ է:

Փոստանջյանը մտավախություն հայտնեց, որ կարող են լինել լցոնումներ: «Մարդիկ, որոնք ստիպված են եղել վերցնել գումար, պիտի գիտակցեն, որ այդ գումարն իրենց է պատկանում, որովհետեւ դրանք մեր քաղաքացիներից յուրացված գումարներն են: Մինչդեռ հասկանալի է, որևէ մեկը չպետք է կաշկանդվի: Նաև հորդորս է ոստիկանությանը, որ այդ թաղային խուժանի նկատմամբ համապատասխան միջոցառում ձեռնարկի»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մենք այլեւս չունենք ժամանակ և հնարավորություն ևս մեկ անգամ անցնել ընտրակեղծարարության միջով, ցնցումները մեզ բացարձակ պետք չեն:

Զարուհի Փոստանջյանը, ըստ էության, չբացառեց հետընտրական զարգացումները և հաստատեց, որ եթե ոչ՝ ապա չի բացառում «ազգային հետընտրական ճակատ» բացելու հնարավորությունը: