«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վերջապես քրեական գործ է հարուցվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Քրեական գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քր.օր. 258 հոդվածի համաձայն:

Հիշեցնենք, որ Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն՝ աչքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Սակայն տուժածը դեպքից հետո «անհետացել է». իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Չի բացառվում, որ թաքցրել են նրան, որպեսզի վնասվածքները անհետանան, բուժվի, որից հետո միայն ներկայանա իրավապահներին եւ ասի, թե վնասվածք չունի, բողոք չունի:

«Եթե չեն գտնում տուժողին, դա չի նշանակում, որ թաքցնում են: Միանշանակ իրավապահները իրականացնում են հնարավոր, նույնիսկ անհնարին գործողությունները տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին վստահեցրել է մարզի դատախազը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում