Սյունիքի մարզում մայիսի 4-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի վայրում տեսախցիկներ չեն եղել:

NEWS.am-ի տեղեկություններով, տարածքում գտնվող ռեստորաններից մեկի տեսախցիկները ֆիքսել են միայն, որ վթարի հետեւանքով մահացած Դավիթ Մկրտչյանը ձեռքով կանգնեցնում է Արթուր Միրզոյանի մեքենան եւ քրոջ հետ նստում են հետեւի նստարանին: Նախնական տվյալով, վարորդը՝ Արթուր Միրզոյանը, կռացել է բջջային հեռախոսը կամ ինչ-որ փաստաթուղթ վերցնելու, ինչի հետեւանքով կորցրել է մեքենայի կառավարումը. մեքենան ընկել է Որոտան գետը: Վարկած կա նաեւ, որ վարորդը գերազանցել է արագությունը:

Նշենք, որ դեպքի օրը վարորդ Արթուր Միրզոյանը ձերբակալվել էր: Ավելի ուշ վարորդն ազատ է արձակվել, քանի որ դատարանը չի բավարարել կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին առավոտյան Քաջարանի բնակիչ Արթուր Միրզոյանը Որոտան գյուղից դեպի Գորիս գնալիս, դեռեւս չպարզված հանգամանքներում, մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ 40 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Վթարի հետեւանքով ուղեւորներ, քույր ու եղբայր Դավիթ ու Աստղիկ Մկրտչյանները տեղում մահացել են:

21-ամյա Դավիթ Մկրտչյանը վերջերս էր զորացրվել բանակից, քառօրյա պատերազմի մասնակից էր: Քույրը՝ Աստղիկ Մկրտչյանը, ամուսնացած էր, 1 տարեկան երեխա ուներ, սպասում էր երկրորդ բալիկին: Մայիսի 4-ին Աստղիկի ծննդյան օրն էր: Աստղիկը սովորում էր նաեւ Գորիսի պետական համալսարանում:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am