«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած Վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին վերաբերող համաժողովում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն արել է, կարելի է ասել, սենսացիոն մի հայտարարություն: Նա ասել է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, եւ իրենք Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երեւան են հրավիրել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների: Դեսպանը հայտարարել է, որ ակնկալիքը Հայաստանի իշխանությունից այն է, որ ստեղծվեն ներդրումային հավասար պայմաններ:

8 միլիարդ դոլարը պարզապես թիվ չէ, ներդրումային ծավալ չէ: Խոսքը չի վերաբերում դրա իրատեսական կամ հռչակագրային լինելուն: Խոսքը վերաբերում է ներդրումային մի հեռանկարի, որը, այսպես ասած, տեխնոլոգիական ներդրում է, Հայաստանի տնտեսության կառուցվածք եւ պատկեր փոխելու հեռանկար եւ ներուժ պարունակող ներդրում: Ընդ որում, Ռիչարդ Միլզի հայտարարության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Նա հայտարարել է, որ Հայաստանի ներուժն ու հեռանկարներն այդ առումով ունեն տարածաշրջանային նշանակություն: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: Իսկ սա արդեն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն: Ավելին, այստեղ լոկ քաղաքական նշանակության մասին խոսելն է ավելորդ: Այստեղ խոսքը աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական նշանակության մասին է:

Եվ այս առումով հարկ է ուշադրություն դարձնել մի կարեւոր նրբերանգի: ԱՄՆ դեսպանը Երեւանում հայտարարում է 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի, ներուժի մասին, հայտարարում է ամերիկյան խոշոր ընկերությունների ակնկալվածից ավելի մեծ հետաքրքրության մասին՝ Հայաստանում արդիական, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, եւ իշխանությունից ակնկալիքն ընդամենը հավասար մրցակցային պայմանների ապահովումն է:

Ինչն է այստեղ ուշագրավը: Այն, որ ԱՄՆ դեսպանը այդ ահռելի ծավալի ներդրումների «պայմանների» շարքում չի մատնանշում Արցախյան խնդիրը, հակամարտության առկայությունը: Մինչդեռ տարածված է այն տեսակետը, թե Հայաստանում օտարերկրյա ներդրումների խոչընդոտ է այդ հակամարտությունը, եւ մինչեւ այն չկարգավորվի, անմիտ է ակնկալել խոշոր ներդրումներ եւ զարգացում ու արդիականացում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է 8 միլիարդ ներդրումների հնարավորության, Հայաստանի արդիական էներգետիկայի ներուժի, դրանով ամերիկյան խոշոր ընկերությունների հետաքրքրվածության մասին եւ չի անդրադառնում արցախյան «խոչընդոտին»:

Սա իրապես ուշագրավ տողատակ պարունակող հանգամանք է, որը ոչ միայն վկայում է չափազանցվածությունն ու անհամարժեքությունն այն պնդման, թե Արցախի «խնդիրը» Հայաստանի զարգացման եւ արդիականացման խոչընդոտ է, այլեւ պարունակում է իր մեջ թերեւս մեկ այլ ուշագրավ շերտ: ԱՄՆ-ը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումների հեռանկարի, էներգետիկ արդիականացման խոշոր հեռանկարի եւ դրա տարածաշրջանային ընդգրկման մասին՝ միաժամանակ չանդրադառնալով առկա հակամարտությանը: Դրա տողատակում նշմարվում է բավականին ուշագրավ հաղորդագրություն առ այն, որ ԱՄՆ-ը գործնականում առաջիկա տարիների հեռանկարում իր ռազմավարության մեջ տարածաշրջանը դիտարկում է կայունության ռեժիմում:

Այստեղ է նաեւ առերեւույթ զուտ տնտեսական բնույթի հայտարարության աշխարհաքաղաքական եւ նաեւ ռազմաքաղաքական տողատակը՝ լիովին համահունչ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային առաջնահերթություններին եւ խնդիրներին:

Ամբողջ հարցը մնում է այն, թե որքանով է այդ ամենին համահունչ Հայաստանի իշխանությունը: Թեեւ, համենայնդեպս, առնվազն մինչ այժմ առկա իրողությունն այդ հարցը դժբախտաբար դարձնում է զուտ հռետորական, որովհետեւ իշխանության համարժեքության մասին խոսում է այդ իշխանության գործունեության հետեւանքով ստեղծված հայաստանյան, մեղմ ասած, մտահոգիչ իրականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում