«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանը կրկնել է վերջերս անընդհատ իրեն «փրկող» հայտարարությունը` եթե իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք: Ինչ չափորոշիչով է ԲՀԿ ղեկավարը որոշում, որ ինքը իշխանություն չէ. պաշտոններ չունենալո՞վ, իշխանական լծակներին չտիրապետելո՞վ: Այլ խոսքով, եթե պաշտոն չունեն, ուրեմն ընդդիմություն են: Բայց չէ՞ որ մնացած բոլոր հարցերում նրանք վարվում են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը:

Ասվածի լավագույն ապացույցը երեկվա նիստն էր:

Առաջին իսկ քվեարկության ժամանակ երեւաց, որ «Ծառուկյան» դաշինքից ընդդիմություն չի ստացվի: Նախ` լինելով երկրորդ ուժն ԱԺ-ում, նրանք չփորձեցին գոնե ձեւական ցույց տալ, որ ընդդիմության շահերն են սպասարկում: Ինչու ձեւակա՞ն, որովհետեւ բոլորին էլ պարզ էր, որ ԱԺ խոսնակ կդառնա Արա Բաբլոյանը, քանի որ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծամասնություն, դրան գումարած` ունի նաեւ կոալիցիոն գործընկեր ի դեմս ՀՅԴ-ի: Ասել է` քվեարկությունն արդեն կանխորոշված էր, բայց նույնիսկ այս պարագայում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ոչ թե Էդմոն Մարուքյանին ընտրեցին, այլ Արա Բաբլոյանին:

Այսքանից հետո ո՞վ կհավատա, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է բերել ընդդիմադիր ուժ, կամ էլ ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել, եթե այս խմբակցության քվեարկությունները հօգուտ իշխանության են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում