Ընկերություն: Ամուսնություն: Ընտանիք: Կին և տղամարդ: Անհատներ: Անձնական կյանք: Մասնագիտական աճ:

Վերը նշված յուրաքանչյուր երևույթ անձի զարգացումն ու գոյատևումը պայմանավորող միավոր է համարվում: Սակայն շատ կարևոր է, թե մենք այդ երևույթներն ինչպե՞ս ենք գնահատում, հասկանում, ընդունում և իրացվում դրանցում:

Առհասարակ, յուրաքանչյուր քաղաքակրթություն, հասարակություն, ժամանակաշրջան գոյատևում է ընտանիքի կազմավորմամբ և արժեքների փոխանցմամբ պայմանավորված: Եվ շատ խնդրահարույց է, որպեսզի այդ կառույցներն այնքան կանոնավորված և դերաբաշխված լինեն, որպեսզի լիովին ծառայեն իրենց նպատակին, այն է՝ ճիշտ փոխհարաբերություններ, փոխհարգանք, փոխզիջում, փոխհասկացում:

Կառույցի ինքնառեալիզացումը կատարվում է այն կազմող անհատների՝ միմյանցով պայմանավորված գործողություններով: Պետք է տանք, որ ստանանք: Թե՛ բնության մեջ, թե՛ մարդկային փոխհարաբերություններում, յուրաքանչյուր երևույթ տեղի է ունենում՝ ի պատասխան մեկ այլ երևույթի, միակողմանի գործընթացներ չեն հանդիպում, դրանք, անպայմանորեն, ինչ-որ բանով պայմանավորված են: Ըստ այդմ, զույգերի փոխհարաբերություններում երկուստեք իրականացվող գործողությունները՝ պայմանավորված վերը նշված համակարգի բովանդակային պահանջներով, լիակատար և ներդաշնակ զարգացում կունենան, եթե դրանք լինեն գիտակցված, այլ ոչ թե եսասիրական: Փորձեմ թվարկել անձի անհատական զարգացման հետ կապված չորս հիմնական դրսևորում, որոնց առկայությունը զույգերի փոխհարաբերություններում ենթադրում է գիտակցված զգացմունքներ, հետևաբար նաև՝ առողջ ամուսնական փոխհարաբերություններ:

1. Ե՛վ կնոջ, և՛ ամուսնու անհատական զարգացածություն և հասունություն

Ի՞նչ է նշանակում՝ անհատական զարգացածություն և հասունություն: Դա այն է, երբ բացակայում է երևակայական պատկերացումը, թե զույգերի հարաբերությունները վերջնական ինչպիսի տեսք պետք է ունենան: Առհասարակ ծանոթ երևույթ է մեր օրերում, երբ կինը կամ տղամարդը, վերցնելով ինչ-որ ընտանեկան մոդել, իրականությունը չնկատելով, սկսում են նույնականանալ այդ մոդելի հետ՝ միաժամանակ մերժելով իրենց կողակցի իրական անձնային և խառնվածքային պատկանելությունը:

Եվ այս դեպքում կոնֆլիկտից խուսափելն անհնար է, քանի որ անձնային բախում է տեղի ունենում: Հետևաբար, մինչ ամուսնական քայլ կատարելը, խրախուսվում է, որ անձն ունենա իր անձնային աճը, զարգացածության որոշակի մակարդակը, ապահովի սեփական ինքնառեալիզացումը, մասնագիտական ձեռքբերումներ ունենա, որպեսզի հետագայում ընտանիքի կարևոր առաքելությունը չտուժի անձի թերարժեքության պատճառով:

2. Անցյալում առաջացած խնդիրների հաղթահարում

Յուրաքանչյուր անհատ իր կողակցի հետ փոխհարաբերություններում պետք է ունենա ճկուն ինքնաճանաչման հմտություն, և կարողանա ընդունել, որ մինչ իր հետ միանալը, ունեցել է առանձին անձնական կյանք, որը հնարավոր կերպով լի է եղել և՛ բացասական, և՛ դրական կենսափորձով: Հետևաբար, երբ ընտանեկան կոնֆլիկտը ծագում և ուղեկցվում է բացասական հույզերով, ապա հասուն և գիտակցված զգացմունքներով մարդը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և ընդունի, որ այդ բացասական հույզերն առաջացրել է ոչ թե իր կեսը, այլ դա իր ներսից է գալիս, իր պատկերացումներից, մտածողության ձևից և արժեհամակարգից:

Նման իրավիճակին լուծում տալու համար խրախուսվում է զբաղվել անձնային աճով, հասկանալ սեփական խնդիրները, մտածողության մակարդակում կատարել փոփոխություն, քանի որ չենք կարող փոխել իրավիճակը։ Պետք է փորձենք փոխել վերաբերմունքն իրավիճակի նկատմամբ:

3. Յուրաքանչյուր հույզի և զգացմունքի խրախուսում

Միմյանց պետք է ընդունենք այնպիսին, ինչպիսին կանք: Առողջ փոխհարաբերություններում առաջնային կարևորություն է համարվում անկեղծությունը, քանի որ այն կանխարգելում է հետագա հիասթափությունները: Մի թաքցրեք Ձեր անձնային թե՛ խնդիրները, թե՛ բնավորության առանձնահատկությունները: Մի՛ փորձեք թվացածին կատարյալ կերպար կերտել, քանի որ կյանքն այնպիսի փորձություններ է միշտ առաջ բերում, որ անխուսափելի է բախումն անձնային շահի հետ: Եվ այս դեպքում՝ ընտրելով եսասիրական, և ոչ թե հօգուտ ընտանիքի ճանապարհը, դուք ձեր անձի հանդեպ հիասթափություն կառաջացնեք կողակցի մոտ: Իսկ դա ոչ գիտակցական և, առավելևս, ոչ հասուն փոխհարաբերությունների հիմք կդառնա, որը կխարխլի և ոչ թե՝ կկայունացնի իրավիճակը:

4. Փոխհարաբերությունները՝ իրական սիրո դրսևորման հարթակ

Ամուսնական կյանքում սերը համարվում է փոխհարաբերությունների վերջնական արդյունք: Եվ երբ դա ապրվում, վերապրվում և մի գեղեցիկ օր ավարտվում է, ավարտվում են նաև փոխհարաբերությունները: Արդյունքը նման կերպ է արտահայտվում, քանի որ մենք իրական սերն իր տեղում չենք հստակեցնում և բովանդակային ճիշտ իմաստ չենք հաղորդում:

Իրականում Սերը դա փորձ է: Փորձ, որը ձեռք ենք բերում մեր կողակցի հետ ունենալով տարբեր փոխհարաբերություններ: Դրանք կարող են արտահայտվել վեճի, ուրախության, տխրության, անհաջողության, հիվանդության, ձախողման տեսքով: Եվ գիտակցական սերն այդ փուլերում կոփվում, ամրանում և ձևափոխվում է: Եթե սիրո զգացողությունը չի ապրում զարգացման այդ ճանապարհը, և հասունանալով՝ չի ձևափոխվում ու ամրանում, ապա դա գիտակցական չէ, այլ բնազդային է, ինչը մեզ զրկում է բանական և սոցիալական էակ կոչվելու առաքելությունից:

Սովորե՛ք սիրել, որ կարողանաք սիրվել, հարգե՛լ, որ հարգանքի արժանանաք, ընդունե՛ք դիմացինի անձնական կյանքը, որ ունենաք Ձերը, սիրե՛ք ընտանիք հասկացողությունը, որ կյանքում լինեք լիարժեք, այլ ոչ թե՝ միայնակ: