Հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության ուղղությամբ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել: Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին:

«Ես ցանկանում եմ հիշեցնել վերջին օրենքը, որը մենք ընդունել ենք՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների փոխհատուցման վերաբերյալ: Հիմնադրամն արդեն ձևավորվել է, գումարները հավաքվել են և նման ընտանիքները լուրջ փոխհատուցում են ստանում»,- նշեց Նահապետյանը:

Նա նաև հիշեցրեց, որ արդեն հայտարարվել է, որ շատ կարճ ժամկետներում լուծվելու են նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները:

Սասուն Միքայելյանը նաև հարց բարձրացրեց՝ հնարավոր չէ՞ արդյոք շնորհալի երիտասարդների համար զինծառայության հատուկ պայմաններ ապահովել, որպեսզի նրանք ծառայեն հատուկ զորամասերում՝ Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ այդ հարցը հարկավոր է ուղղել պաշտպանության նախարարին: