18-ամյա աղջկա նկատմամբ հիվանդանոցում բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կապանի բժշկական կենտրոնի բժիշկի գործն ամենայն հավանականությամբ քննվելու է դռնփակ:

Երբ գործն ուղարկվեց դատարան, տեղեկատվությունը Դատական տեղեկատվական համակարգում բաց տեղադրված էր: Օրերս սակայն ինֆորմացիան սահմանափակվել է, ինչից կարելի է ենթադրել, որ գործը կքննվի դռնփակ:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2017 թվականի հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Անուշավան Կարապետյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում Կապանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժվող աղջկա կամքին հակառակ բժիշկների սենյակում փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Աղջիկը դիմադրել է` հրել, կծել է նրա ձեռքերը, բաժակով ջուրը լցրել է նրա վրա, ինչի հետեւանքով բժիշկը իր հանցավոր մտադրությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել:

Անուշավան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ Բռնաբարության փորձ:

Անուշավան Կարապետյանը կալանավորված է: