1in.am-ը գրում է.

Կարեն Կարապետյանը Հայաստանի վարչապետ էր նշանակվում, մոտավորապես գիտեր, թե ինչպիսի հոռի համակարգի հետ գործ ունի, մանավանդ, նա, մեղմ ասած, եղել է նույն այդ համակարգի եթե ոչ առաջին, ապա առնվազն երկրորդ-երրորդ էշելոնի գործիչ: Այսինքն, Կարապետյանը «Լուսնից» չէր իջել, սակայն դա չխանգարեց, որ Մոսկվայից վերադարձած մեր վարչապետը «սինգապուրյան» խոստումներ տա` ձևակերպված Սերժ Սարգսյանի «նոր ոգու» գալստյան խոստումով:

Կարապետյանի առաջին վարչապետությունը կամ վարչապետության առաջին հատվածը, մեղմ ասած, տպավորիչ չէր ու այդպիսի հետևանքը կանխատեսելի էր դեռ այն ժամանակ, երբ հրապարակվեց նրա կաբինետի կազմը: Դրանում` կամ Սերժ Սարգսյանի մարդիկ էին, կամ էլ` նոր վարչապետի շրջապատը, որին դժվար է կպցնել անգամ «պրոֆեսիոնալ» կամ «տեխնոկրատ» տերմինները: Պայմանական ասած` նորերն, իրականում այնքան էլ նոր չէին և կառավարության միջին օղակների կամ ստվերային քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներ էին: Նոր նախարարների մեջ չկան լուսավոր, կրեատիվ մարդիկ, ովքեր առաջ կտանեն թիմն ու նոր գաղափարները: Այս մարդկանց նոր ձեռագրերը, նոր մոտեցումներն այդպես էլ չտեսանք, բայց նրանք առաջիկա քսան օրերին, ըստ ամենայնի, վերանշանակվելու են իրենց պաշտոններում:

Կադրային նման «բագաժով» հնարավոր չէ պայքարել քրեաօլիգարխիայի դեմ: Իսկ եթե կա քրեաօլիգարխիա, լինելու են նաև մենաշնորհներ և բացակայելու է տնտեսական ազատ մրցակցությունը, հետևաբար` անիմաստ են դառնում բոլոր գեղեցիկ, ականջ շոյող զրույցները համակարգային բարեփոխումների կամ «նոր ոգու» մասին:

Ամիսներ առաջ, Կարեն Կարապետյանի կաբինետի կիսատ-պռատությունը պայմանավորվում էր խորհրդարանական ընտրություններով, ասվում էր, թե դրանցում վարչապետը լինելու է ՀՀԿ-ի նոր դեմքը և հաղթանակից հետո նոր դեմք կհաղորդի համակարգին:

Համարենք, որ Կարապետյանի դեմքով ՀՀԿ-ն հաղթեց, այսինքն` հասարակությունն ավանսով քվեարկեց նրա խոստումների, հմայքի, ճաշակով ու թանկանոց հագուկապի, նոր իմիջի օգտին: Ենթադրվում էր, որ մենք կունենանք որակապես նոր կառավարություն` ձերբազատված կեղծ կոալիցիոն կապանքներից, Սերժ Սարգսյանի ժառանգությունից: Այսինքն, ենթադրվում էր, որ «մերոնց-ձերոնց» խնդիր չի դրվի և, անկախ կուսակցական պատկանելիությունից, կառավարությունում կնշանակվեն մարդիկ, ովքեր հեղափոխական փոփոխությունների կրողներ են, որովհետև միայն այդ որակի բարեփոխումները կարող են փրկել Հայաստանը: Սակայն Կարապետյանն արդեն բարձրաձայնել է, որ կադրային մեծ փոփոխություններ չսպասենք` չնայած դա արդեն պարզ էր, երբ Սերժ Սարգսյանի «քավորությամբ» ստորագրվում էր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը:

Գուցե այս անգամ էլ Կարեն Կարապետյանն առաջարկի սպասել 2018-ին, սակայն ակնհայտ է, որ նման խղճուկ թիմով առաջիկա մեկ տարում նա կամ ամբողջովին «ներծծվելու» է քրեաօլիգարխիայի մեջ, կամ էլ` դառնալու է նրա կադրային զոհը: Մի անգամ, երբ Կարապետյանին հարց տվեցին օլիգարխիայի թեմայով, նա պատասխանեց, որ ինքը չի պատրաստվում «միլիցա» դառնալ: Խիստ «ճշտով» պատասխան է, եթե հաշվի չառնենք այն ակնհայտ իրողությունը, որ քրեաօլիգարխիային հնարավոր է հաղթել միայն «միլիցա» լինելով:

Մյուս ճանապարհն այն է, ինչն ընտրել է Կարեն Կարապետյանը` դառնալ քրեաօլիգարխիայի ընկերը կամ «վեցնոցը»: Այդ դեպքում այնքան էլ էական չէ` վարչապետի պաշտոնը զբաղեցնում է սոլիդ կեցվածքով Կարեն Կարապետյա՞նը, թե՞ «ախպերության» հետ մի կտոր քյաբաբ կիսող Մալաթիայի Սամոն:

Նյութի աղբյուրը՝ 1in.am