Ավելորդ քաշն արագացնում է ուղեղի ծերացումը եւ մեծացնում Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը: Նման եզրակացություն են կատարել Լեյպցիգի Մաքս Պլանկի անվան Մտավոր գիտությունների եւ նյարդաբանության ինստիտուտի գիտնականները՝ Լեյպցիգի Քաղաքակրթության հիվանդությունների հետազոտական կենտրոնի (LIFE) հետ համատեղ:

Նախորդ հետազոտությունները, որոնց ընթացքում վերլուծվել է ուղեղի կառուցվածքի հետ ավելորդ քաշի կապը, անցկացվել են հիմնականում երիտասարդների մասնակցությամբ եւ հակասական եզրահանգումներ են ունեցել: Հիմա գիտնականները հետազոտել են 60-ից մինչեւ 80 տարեկան 700 առողջ մարդու՝ հաշվի առնելով վտանգի այնպիսի գործոնները, ինչպիսին ծխելն է, դեպրեսիան եւ հիպերտոնիան:

Հետազոտությամբ պարզվել է, որ ավելորդ մեծ քաշ ունեցող մարդկանց ուղեղի հատվածները ավելի վատ են փոխազդում որոշակի նեյրոնային ցանցերի շրջանակում (ուղեղի աշխատանքի պասիվ ռեժիմի ցանց՝ ՈւԱՊՌՑ), քան նորմալ քաշով մարդկանց դեպքում է: Սա առաջացնում է հիշողության պրոցեսների վատ գործառնություն, նաեւ խոչընդոտում է ուղեղին այն խնդիրները կատարել, որոնք աջակցում են նպատակաուղղված ծրագրմանը: Դրանից բացի, պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող մարդու ուղեղը ավելի դժվար է վերահսկում ցանկությունները:

Ավելին՝ ՈւԱՊՌՑ շրջանակում նեյրոնների նվազած փոխազդեցությունը համարվում է Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտանիշ:

Այսինքն՝ հետազոտությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշով մարդկանց ուղեղն ավելի արագ է ծերանում եւ խոցելի դառնում մի շարք հիվանդությունների եւ վիճակների նկատմամբ, քան նորմալ քաշով մարդկանց ուղեղը: