ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշումն արդեն կայացրել է, սակայն թեկնածուի հարցում չի կողմնորոշվում։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում նաեւ հատատեց Հովիկ Աբրահամյանի որդին, Արտաշատի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը։

«Այո, առաջադրելու ենք, բայց դեռ չենք որոշել՝ ում թեկնածությունը, դեռ հստակ չէ, մի քանի թեկնածուներ կան»,–ասաց Արգամ Աբրահամյանը՝ չհստակեցնելով, թե ում թեկնածությունն է ավելի հավանական։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ հավանական թեկնածուն համարվում է Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ որդին է, նախկին ՀՀԿ–ական, ներկայումս «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը։ Կարինե Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե եղբոր թեկնածության մասին հստակ ոչինչ չի որոշվել։

Ամեն դեպքում, բոլոր հարցերը որոշվելու են ազգականների թիմով։ Արգամ Աբրահամյանն ասաց՝ «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից տեղյակ չէ՝ մասնակցելու են, թե ոչ, իրենք իրենց թիմով են որոշելու մասնակցել եւ ում առաջադրել։

«Ես ինչպես հայտարարել եմ՝ մենք մի քանի թեկնածու ունենք, ընտրությունների օրը որ նշանակեն, մեր թիմով վերջնական կքննարկենք, կորոշենք նոր կհայտարարենք մեր թեկնածուի անունը»։

Հարցին՝ թեկնածու կառաջադրե՞ն, եթե իրենց քաղաքական հակառակորդ Հանրապետական կուսակցությունն էլ որոշի մասնակցել ընտրություններին եւ այդ դեպքում ինչպե՞ս է գնահատում շանսերը, պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ, ժամանակը ցույց կտա, երբ որ բոլորը կառաջադրվեն, ես կասեմ՝ ինչպես եմ գնահատում»։

Նախկին գաղափարակից Հովիկ Աբրահամյանի թիմի հետ ընտրապայքարի մեջ մտնելու որոշում ՀՀԿ–ում դեռ չեն կայացրել։ Իսկ եթե որոշեն մասնակցել, ապա, ըստ Շարմազանովի, ընտրապայքարը արտաշատցիների միջեւ է լինելու, ոչ թե որեւէ մեկի դեմ։

«Հանրապետական կուսակցությունը որեւէ մեկի դեմ, այդ թվում Հովիկ Աբրահամյանի դեմ, չի պայքարելու։ Կուսակցությունը Արտաշատի ընտրությունների հարցը չի քննարկել, իսկ եթե ընտրապայքարի մեջ մտնես, պետք է շարժվես ռեալ պոլիտիկով, ոչ թե մտահոգություններով», –ասաց Շարմազանովը։ Դիտարկմանը Հովիկ Աբրահամյանը ավելի շահեկան դիրքերում չէ՞ Արտաշատում, քան ՀՀԿ–ն, ինչի մասին վկայեցին նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, արձագանքեց. «Կարծում եմ հաղթում են արտաշատցիները»։

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշըոնը թափուր է մայիսի 16–ից, երբ Արգամ Աբրահամյանը վայր դրեց լիազորությունները եւ տեղափոխվեց խորհրդարան։ Նախնական տվյալներով՝ ընտրությունները սահմանվելու են նոյեմբեր ամսին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը սահմանել էր փետրվար, հունիս, նոյեմբեր ամիսներին։ Հաշվի առնելով ընտրական գործընթացների նախապատրաստական փուլի համար նախատեսված ժամկետները՝ Արտաշատի ընտրությունները տեղի կունենան նոյեմբեր ամսին։