Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
Երևանի թիվ 79 մանկապարտեզի դաստիարակներից Անահիտ Կոմիտասյանից դիմում-բողոք եմ ստացել մանկապարտեզի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործողությունների վերաբերյալ: Կադրային ջարդ է սկսվել մանկապարտեզում, տասնյակից ավելի աշխատողներ տնօրենի ժ/պ-ի պահանջով դիմում են գրել ու ազատվել աշխատանքից, «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրին մասնակցելու համար հավաքած գումարը որակել է որպես դրամահավաքություն և այդ պատրվակով դաստիարակից ևս պահանջել է դիմում գրել և ազատվել, որից նա հրաժարվել է: Տիկին Կոմիտասյանը պնդում է, որ սա ունի մեկ նպատակ՝ ազատվել մանկապարտեզի հին կադրերից, փոխարենը բերել իր կադրերը, և սա արվում է անազնիվ մեթոդներով: Այս փաստը խոսում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողական զրոյական մակարդակի մասին:
Դեպքի առնչությամբ դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով ուսումնասիրել դաստիարակի կողմից մատնանշված փաստերը, արդյունքների մասին տեղեկացնել ինձ՝ որոնք կհրապարակայնացվեն:
Տեղի է ունեցել Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում, քանի որ աշխատողը առանց նկատողությունների 1 օրվա մեջ ազատվել է աշխատանքից: Այս փաստը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին կարող է կանգնեցնել դատարանի առջև: