«Ժամանակ» թերթը գրում է. «ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը armtimes.com-ին ասել է, թե Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կարող է հունիսի 18-ից հետաձգվել նոյեմբեր: Մուկուչյանը դա պայմանավորում է ֆորմալությամբ: Նա ասել է, որ կան ՏԻՄ ընտրության համար սահմանված օրեր, տարվա մեջ մի քանի անգամ: Դրանցից մեկը հունիսի 18-ն է, իսկ հաջորդը՝ նոյեմբերին: Մուկուչյանն ակնարկել է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրության ընթացակարգը կարող է ուղղակի չտեղավորվել մինչեւ հունիսի 18-ը ժամկետի մեջ:

Երբ Հայաստանում իշխանությունը դիմում է ֆորմալությունը պահելուն, բծախնդիր է դառնում ֆորմալության հարցում, կնշանակի, որ կա դրա քաղաքական անհրաժեշտությունը: Եվ հետաքրքիր է, որ քաղաքապետի ընտրության հնարավոր հետաձգման մասին խոսակցությունը ծավալվում, ազդակը հղվում է այն բանից հետո, երբ նախկին վարչապետ եւ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հայտարարել էր, որ հայրը պատրաստվում է իր թեկնածուին առաջադրել քաղաքապետի ընտրությանը, եւ, այսպես ասած, ազգակցական շրջանակում որոշումը արդեն կայացված է: Դրանից հետո ահա պարզվում է, որ իշխանությունը մտադիր է հետաձգել ընտրությունը, քանի որ ժամանակը չի բավարարում մինչեւ հունիսի 18:

Հազիվ թե կասկած լինի առ այն, որ ցանկության եւ անհրաժեշտության դեպքում իշխանությունը կհասցներ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ընտրությունը տեղի ունենար հունիսին, եւ Արտաշատի քաղաքապետի հարցը բաց չմնար մինչեւ նոյեմբեր: Մեծ հաշվով, իհարկե, այստեղ խնդիր չի լինի, ի վերջո՝ հանրապետության երրորդ քաղաքի քաղաքային իշխանության հարցն է արդեն մի քանի ամիս բաց, օդից կախված, եւ մեծ հաշվով ոչինչ էլ չի լինում: Չէ՞ որ Հայաստանի դե ֆակտո կառավարման համակարգը իրականում բոլորովին այլ է, քան պետական կամ համայնքային ինստիտուտների կառուցվածքը:

Այդուհանդերձ, Արտաշատում իրավիճակը հետաքրքիր է, քանի որ այստեղ ներկլանային, ներիշխանական դիմակայություն է: Այդ համատեքստում է ուշագրավ, որ թեկնածու առաջադրելու մասին Հովիկ Աբրահամյանի փաստացի հայտարարությունից հետո իշխանությունը հայտարարում է ընտրությունը հետաձգելու հավանականության մասին: Ո՞ւմ է դրանով տրվում ժամանակ շահելու եւ պատրաստվելու հնարավորություն՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ իշխանությունն ինքն է իր համար ժամանակ շահում Հովիկ Աբրահամյանի հետ, այսպես ասած, դիմակայությանը պատրաստվելու համար:

Չնայած Աբրահամյանը հեռացված է իշխանությունից, այդուհանդերձ՝ նա Արարատի մարզում, իհարկե, տնօրինում է որոշակի ռեսուրսների, եւ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը գոնե անկասկած նրա քաշային կատեգորիայից է: Բայց եթե, իհարկե, իշխանությունը սկզբունքային խնդիր չդնի կենտրոնական մակարդակով կամ պարզապես Սերժ Սարգսյանի մակարդակով խոչընդոտել դրան: Իսկ այդպիսի խնդրի հավանականությունը հարաբերական է, եւ ամենեւին աներկբա չէ, որ Սերժ Սարգսյանը սկզբունքորեն կարող է դնել նման խնդիր: Հետեւաբար չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանին տալիս են լավ պատրաստվելու ժամանակ, որովհետեւ ՀՀԿ-ն երեւի թե պատրաստվելու ժամանակ ուներ, առավել եւս, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀՀԿ-ն անցկացրել է համապետական ընտրություն նաեւ Արտաշատի շրջանակում:

Ինչի՞ համար է Հովիկ Աբրահամյանը պետք Սերժ Սարգսյանին: Սա հարց է, որի կոնկրետ պատասխանն առայժմ չի նշմարվում: Կա հռետորական պատասխան՝ Սերժ Սարգսյանը նախագահության տասը տարիների ընթացքում ցույց է տվել, որ ներքաղաքական որեւէ սուբյեկտի չի դիտարկում վերջնականապես «անպետք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում