Հայաստանի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը՝ սպանության նախապատարստության փաստով։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ վարույթ է ընդունվել քրգործը՝ Քր.Օր.-ի 35-104 հոդվածի 2 մասի 7-րդ կետի (Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստություն) և 235 հոդվածի հատկանիշներով (Ապօրինի զենքը պահելը, կրելը)։

«Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,-ասաց Տռուզյանը: Ձերբակալվածների ինքնությունը չի հաղորդվում, նշվում է, որ երեքն էլ ազգությամբ հայեր են։

Ոստիկանությունից էլ հայտնում են, թե քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։

Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ։

Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, նշված անձինք նախապատրաստել են Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի եւ Վստրեչի Ապեր մականունով Արամ Վարդանյանի սպանությունը։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am