Նորանշանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին այսօր լրագրողները հնարավորություն չունեցան հարցեր ուղղելու կառավարության նիստից հետո՝ ի տարբերություն նախկինում մարզպետի պաշտոնը նոր ստանձնած գործիչների, որոնք չէին խուսափում ԶԼՄ-ներից։ Հայտնի չէ, թե նա ինչպե՞ս և ե՞րբ հեռացավ կառավարության շենքից։

Նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը հայտնի է շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «շինանյութի Սերոժի» փեսան լինելու հանգամանքով։ Նախորդ գումարման Ազգային ժողովում նա աչքի ընկավ, երբ լքեց ՕԵԿ խմբակցությունը՝ հայտարարելով, թե չի կիսում «Օրինաց Երկրի» տեսակետը կառավարության ծրագրի վերաբերյալ և կողմ է քվեարկելու դրան։ Մինչ այդ Բոթոյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում երբևէ որևէ հրապարակային ելույթ չէր ունեցել ԱԺ-ում և չէր մոտեցել ամբիոնին:

Բոթոյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը հետաքրքիր է նրանով, որ գրեթե տեղեկություն չի պարունակում։ Նա չի նշել ո՛չ որևէ անշարժ կամ շարժական գույք, ո՛չ բաժնետոմս կամ թանկարժեք իր, լրացրել է միայն աշխատավարձի և բանկային հաշիվների տողերը։ Ուշագրավ է, որ 6.4 մլն դրամ տարեկան եկամուտ ունեցող անձն այս տարվա փետրվարի 17-ի դրությամբ իր դրամական միջոցներն ավելացրել է 6 մլն դրամով՝ տարվա սկզբի 47 մլն դրամը դարձնելով 53 մլն։