«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովը նոր նախագահ ունի, որն արդեն մեկ շաբաթ է, ինչ կատարում իր պարտականությունները: Ուսումնասիրելով ԱԺ-ի նախագահների պաշտոնավարման հերթականությունն ու ժամկետը, պարզ է դառնում, որ խորհրդարանի խոսնակներից եւ ոչ մեկը չի պաշտոնավարել իր ամբողջ ժամկետով:

Եվ այսպես, Գերագույն խորհրդի առաջին նախագահը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել: Նա պաշտոնավարել է 1990 թվականի օգոստոսից մինչեւ 1991 թվականի դեկտեմբեր ամիսը:

Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ պաշտոնում փոխարինել է Բաբկեն Արարքցյանը եւ պաշտոնավարել է մինչեւ 1995 թվականը՝ Գերագույն խորհրդի աշխատանքների ավարտը, իսկ որպես առաջին գումարման ԱԺ նախագահ կրկին ընտրվել է Բաբկեն Արարքցյանը: Նա պաշտոնավարել է մինչեւ 1998 թվականը: 1998 թվականին Բաբկեն Արարքցյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ հրաժարական տվեց, եւ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց Խոսրով Հարությունյանը:

1998 թվականից Խոսրով Հարությունյանը պաշտոնավարեց մինչեւ 1999 թվականը: 1999 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի խոսնակ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, որը մի քանի ամիս պաշտոնավարեց եւ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտի ժամանակ սպանվեց հենց խորհրդարանում: Նույն տարում ԱԺ նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2003 թվականը:

Երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո կոալիցիոն համագործակցության շրջանակում ԱԺ նախագահ ընտրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, սակայն նա էլ պաշտոնավարեց մինչեւ 2006 թվականը եւ հրաժարական տվեց: 2006 թվականի խորհրդարանի խոսնակ ընտրվեց Տիգրան Թորոսյանն ու պաշտոնավարեց մինչեւ 2008 թվականը:

2008-ից մինչեւ 2011 թվականն ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ 2011-ից 2012 թվականները՝ Սամվել Նիկոյանը: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հովիկ Աբրահամյանը կրկին ԱԺ նախագահ ընտրվեց: Հովիկ Աբրահամյանը 2014 թվականին նշանակվեց ՀՀ վարչապետ, իսկ ԱԺ նախագահի ընտրվեց Գալուստ Սահակյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2017 թվականը: ՀՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ենթադրել, թե Արա Բաբլոյանը որքան ժամանակ կպաշտոնավարի: Հարցին՝ Ազգային ժողովի բոլոր նախագահները ինչ-որ օրինաչափությամբ չեն կարողացել պաշտոնավարել ԱԺ նախագահի ողջ ժամկետով, Արա Բաբլոյանի դեպքում հնարավոր համարո՞ւմ եք որ օրինաչափությունը պահպանվի, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես ենթադրություններով չեմ խոսում, «Հանրապետական»-ն աշխատում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում