Մայրաքաղաքի վարչական շրջաններում հանրապետական շաբաթօրյակի համատեքստում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակն այս անգամ եւս աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ: Սանմաքրման աշխատանքների ընթացքում պատշաճ տեսք են ստացել բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ հասարակական նշանակության կառույցները:

Մայրաքաղաքը համատեղ մաքրելու աշխատանքներին մասնակցել է ինչպես Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի, պետական ու մասնավոր կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, կրթօջախների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների եւ հասարակական կազմակերպությունների շուրջ 22000 անձ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 140 միավոր տարբեր նշանակության տեխնիկա եւ աղբավայր է տեղափոխվել 412 տոննա աղբ: Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աղբավայրեր են տեղափոխվել նաեւ ավտոմեքենաների լքված թափքեր: Երեւանն ավելի ներկայանալի ու կոկիկ տեսնելու գաղափարին միացած մեր համաքաղաքացիները նշել են, որ մեծ ոգեւորությամբ ու սեփական քաղաքը բարեկարգելու պատասխանատվության զգացումով են մասնակցել շաբաթօրյակին` մաքրության գործում սեփական ներդրումն ունենալու գիտակցումով: