Hraparak.am-ը  գրում է.

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վերանշանակվեց նույն պաշտոնում։ Բայց երեկ լուրեր տարածվեցին, որ աշխատանքից ազատման մտադրություն ունի եւ պատրաստվում է դիմում գրել սփյուռքի նախարարի առաջին տեղակալ Սերժ Սրապիոնյանը։ «Նման խոսակցություն չկա, երեւի իմ անունից ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են ասել։ Բայց հիմա նման բան չկա, մոգոնովի բան է։ Իմ մտքում էլ նման բան չկա, էլի, որ ես ասեմ»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց փոխնախարար Սրապիոնյանը։

- Իսկ նախարարի մտքո՞ւմ։

- Չէ, ի՞նչ եք խոսում, ես կարծում եմ՝ նույնիսկ եթե ես շուտ գնամ էլ, նախարարը դրան լավ չի նայի, չի թույլ տա։ Բայց իմ մտքում չկա էդպիսի բան։ Ես ուղղակի ունեցել եմ առողջական խնդիրներ, լյարդի լուրջ խնդիր ունեի, պիտի խնդրեի, որ նախարարը թույլ տար՝ իմ հաշվին արձակուրդ գնայի, բայց, բարեբախտաբար, էստեղ լավ մասնագետ գտա, մի քիչ կարգի բերեցի, էդ խնդիրը մեջտեղից դուրս եկավ։ Բայց հիմա ստաբիլ վիճակ է, ես մտածում եմ, որ արձակուրդ կվերցնեմ, դուրս կգնամ, արտասահմանում կբուժվեմ։ Էստեղ բավականին լավ, որակյալ բուժում ստացա, բայց բավարար չէ։ Ես կարծում եմ, որ էսօր էնտեղ ասել եմ՝ ուզում եմ գնալ բուժվել, հանգստանալ, կարծում եմ՝ էդ ասածս էսպիսի մեկնաբանություն է ստացել։

- Սովորաբար հենց էդպես է լինում պաշտոնանկությունը՝ ազատելուց առաջ արձակուրդ են գնում ու չեն վերադառնում։

- Չէ, նախ ժամանակից շուտ․․․ իմ պաշտոնը բավականին բարձր պաշտոն է, մենք նախօրոք ենք գրաֆիկը հայտնում՝ մեր ցանկությամբ, եւ դա կառավարության մակարդակով որոշում են՝ տա՞լ արձակուրդ, թե՞ չտալ։ Բայց ես ասացի՝ լյարդի խնդիր ունեի, հիմա լավ եմ եւ կարող է որեւէ խնդիր չունենամ, բայց որ մտափոխվեմ, առաջինը Ձեզ կասեմ։

- Մտափոխվել՝ ի՞նչ առումով, արձակուրդ գնալո՞ւ, թե՞ պաշտոնից հրաժարվելու։

- Դե, ասենք, եթե ուզենամ չաշխատել․․․ բայց նման մտադրություն չունեմ։ Եթե փոխվի իմ նախարարը, իհարկե, ես ուրիշի հետ չեմ աշխատի։

- Իսկ արձակուրդ ե՞րբ կգնաք։

- Դեկտեմբերի սկզբին։ Հիմա ծանր ծրագրերի շրջան է, ես ո՞նց կգնամ, առաջին տեղակալն եմ, էդ ծրագրերն ամբողջովին համակարգում եմ ես։ Եթե առողջական խնդիր չունենամ, արձակուրդ գնալու խնդիր չեմ ունենա։ Էս պահին առողջությունս, բարեբախտաբար, լավ է։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am