Hraparak.am-ը գրում է.

Իսրայելի առողջապահության նախարարության կայքում օրերս զետեղված հայտարարությունը, որը կասկածի տակ էր առնում ՀՀ բժշկական կրթական հաստատություններն ավարտած մասնագետների պրոֆեսիոնալիզմը, պետք է լուրջ անհանգստացնի ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուներին: Հայտարարության մեջ ասվում էր, թե Իսրայելի ԱՆ-ն որոշում է կայացրել Հայաստանի բժշկական բուհերի շրջանավարտների համար հավելյալ քննություններ անցկացնել, ինչի նպատակը նրանց գիտելիքներն ամրապնդելն ու որակավորման լիցենզիա տրամադրելն է: Նախարարությունն իր այս որոշումը պայմանավորել է ՀՀ-ում ուսանողների բժշկական ուսուցման ցածր մակարդակով, որն էլ թույլ չի տալիս ընդունել նրանց հավաստագրերը:

«Կապված այսօր ստեղծված իրավիճակի հետ՝ խորհուրդ չի տրվում բժշկական մասնագիտություն ձեռք բերել Հայաստանի բուհերում: Ուսուցումն այդ հաստատություններում իրականացվում է ուսանողի սեփական հայեցողությամբ, որի համար պատասխանատվությունն ընկնում է հենց նրա վրա»,- նշված է հայտարարության մեջ: Այդ ահազանգին հպանցիկ անդրադարձան մի քանի լրատվամիջոցներ, սոցցանցերի՝ «հայկական բժշկության» հետ առնչված օգտատերերը մի կուշտ փնովեցին հայ բժիշկներին, միմյանց։ «Աստված մեկ հայ ոստիկաններից, մեկ էլ հայ բժիշկներից հեռու պահի»,- մաղթեցին, եւ հարցը կարծես թե համարվեց փակված: Հարցը փակողների թվում ակամա հայտնվեց նաեւ կրթության եւ գիտության նախարարությունը, մինչդեռ այդ կառույցն արտերկրում ձեւավորված հեղինակություն ունեցող ՀՀ բժշկական կրթական հաստատությունների հասցեին արված հայտարարությանն առաջինն արձագանքելու նախանձախնդրություն պետք է ցուցաբերեր: Մենք մեկնաբանություն ստանալու համար էլեկտրոնային փոստով դիմեցինք ԿԳՆ համապատասխան վարչություն, սակայն պատասխանի փոխարեն գերարագ ստացանք ցուցում՝ «ԿԳՆ հասցեագրված հարցումը խնդրում եմ ուղարկել ստորագրված»: Արդի տեխնոլոգիաների դարում օպերատիվ աշխատելու փոխարեն այդ նախարարությունում դեռ աշխատում են հնացած մեթոդներով՝ կառչելով հարցման ձեւից, կրիչից եւ այլ երկրորդական բաներից: Մեր այս հրապարակումը, հույս ունենք, նախարարությունը կդիտարկի որպես «ստորագրված հարցում» եւ օպերատիվ կարձագանքի դրանում բարձրացված մտահոգություններին:

Նշենք, որ Իսրայելի պետության եւ ՀՀ կառավարության միջեւ դեռեւս 1998-ին ստորագրվել է առողջապահության եւ բժշկության, իսկ 1994-ին՝ մշակույթի, գիտության եւ կրթության բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Եվ այժմ նման ահազանգի հնչեցումը պիտի որ ՀՀ կառավարության կողմից պատշաճ արձագանքի արժանանա: Մենք խնդրո առարկա հայտարարության վերաբերյալ դիմեցինք նաեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ, որի մամուլի պատասխանատու Շուշան Դանիելյանի՝ մեզ ուղղված պատասխանում ասվում է. «Մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ հայ բժիշկներն Իսրայելում աշխատելու հարցում այսուհետեւ խոչընդոտների են հանդիպելու, չի վերաբերում բժշկական մայր բուհի շրջանավարտներին, որոնք այսօր աշխարհի տարբեր անկյուններում, ամենահեղինակավոր առողջապահական կազմակերպություններում առաջատար պաշտոններ են զբաղեցնում: Իսրայելի առողջապահության նախարարության կայքում տեղ գտած տեղեկատվության թիրախը բնավ 100-ամյա ճանապարհ անցած եւ թե քաղաքացիական, թե պատերազմական իրավիճակում մեր երկրի, մեր ժողովրդի համար առողջապահության մասնագետներ ապահովող Բժշկական համալսարանը չէր, այլ այն մի քանի հաստատությունները, որոնք ունեն բուհի կարգավիճակ, բայց թե որքանով է նրանց տրամադրած կրթությունը բարձրագույն, քննարկման այլ թեմա է»:

Մենք լրացուցիչ մի քանի հարց ուղղեցինք, մասնավորապես՝ ի՞նչն է հիմք տալիս պնդելու, որ հայտարարությունը չի վերաբերում ԵՊԲՀ-ին: Քանի որ կոնկրետ բուհի անուն նշված չէ սույն հրապարակման մեջ, ենթադրվում է, որ այն վերաբերում է ՀՀ-ում գործող բոլոր բժշկական կրթօջախներին: ԵՊԲՀ-ն հարցում արե՞լ է որեւէ գերատեսչություն՝ պարզելու, թե հատկապես որ բուհերին է վերաբերում սույն հայտարարությունը: Մեզ ուղղված պատասխանում ասվում է. «Իսրայելի ԱՆ որոշումը Երեւանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի վերաբերյալ հիմնավորված եւ հավաստի համարել չենք կարող, քանի որ ԵՊԲՀ-ի ուսումնական ծրագրերը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով եւ դասավանդման լեզուներով համապատասխանում են միջազգային ստանդարտներին, որը գործնականում ապացուցված է թե բուհի կողմից պատրաստված բժիշկ-մասնագետների տեսական բարձր գիտելիքներով եւ թե նրանց գործնական ունակություններով»:

Դանիելյանի պատասխանում նշվում է նաեւ, որ վերջին 6 տարիների ընթացքում ԵՊԲՀ-ն ավարտել է 10 իսրայելցի ուսանող, եւ որեւէ խնդիր, դժգոհություն, կապված նրանց հետագա մասնագիտական գործունեության հետ, բուհը չի ստացել: Քանի որ հայտարարությունը մտահոգիչ է, ներկա պահին համալսարանի համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը՝ Իսրայելի պատասխանատու կառույցներից որոշման հիմնավորումները պարզելու նպատակով: Մեր մյուս հարցին ՝ ԵՊԲՀ քանի՞ շրջանավարտ է աշխատում արտերկրում, մասնավորապես՝ Իսրայելում, Գերմանիայում, Մոսկվայում եւ այլ երկրներում, ԵՊԲՀ մամուլի խոսնակը պատասխանել է. «ԵՊԲՀ շրջանավարտներն աշխարհի մոտ 40 երկրում են աշխատում, իսկ ներկա պահին 26 երկրից ավելի քան 1700 ուսանող, այդ թվում՝ նաեւ Իսրայելից, ԵՊԲՀ-ում ստանում է բժշկական կրթություն: Հավելենք, որ Բժշկական համալսարանի 4 հազար 200-ից ավելի շրջանավարտներ այսօր հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում տարբեր երկրների բժշկական կազմակերպություններում»: Նշենք, որ օրերս Հորդանանի պաշտոնական մարմինները ճանաչել են բժշկական բոլոր մասնագիտություններով ԵՊԲՀ բազային կրթության որակավորումը:

ՀԳ. Ուշագրավ է, որ Իսրայելի ԱՆ հայտարարությունից կարճ ժամանակ անց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ով մի քանի օր առաջ վիրահատվել էր Հայաստանում, ֆեյսբուքյան իր էջում ժեստ արեց՝ շնորհակալություն հայտնեց իր հմուտ հայ կոլեգաներին: Մեր տեղեկություններով՝ Մուրադյանը ենթարկվել է վահանաձեւ գեղձի վիրահատության:Նյութի աղբյուրը ` Hraparak.am