Հայաստանցի բլոգերներն ու Hartak.am կայքի խմբագիր, ՀՎԿ վարչության անդամ Կարեն Թումանյանը բողոքում են ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավարության դեմ՝ շեշտելով, որ ֆեյսբուքը հայաստանցի բլոգերների նկատմամբ անարդար վերաբերմունք է դրսևորում: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում բարձրաձայնեցին ֆեյսբուքից նեղացած մեր բլոգերները: 

Կարեն Թումանյանը նկատել է, որ ֆեյսբուքը Հայաստանի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորում, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի և Վրաստանի դեպքում. «Վրաստանի, Ռուսաստանի օգտատերերի նամակներին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ֆեյսբուքը պատասխանում է, իսկ Հայաստանի օգտատերերին միևնույն բովանդակությամբ պատասխան է տալիս»:

Այս խնդրի կապակցությամբ Կարեն Թումանյանը բողոքի ակցիային միացած մյուս բլոգերների հետ պատրաստվում է գնալ կառավարություն և դիմել վարչապետին:
Hartak.am կայքի խմբագիրը կառավարությանն առաջարկում է դիվանագիտական ֆորմատներով ֆեյսբուքի վրա ներազդել և լուծել այս խնդիրը, քանի որ բլոգերներին խաբում են. «Նման նախադեպ եղել է: Հիշենք Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի օրինակները»,-ասաց Կարեն Թումանյանը՝ մոռանալով, որ այդ պետությունների ժամանակաշրջանում ֆեյսբուքը դեռ չկար:

Մոռանալով այս պատմական կարևոր փաստը, Կարեն Թումանյանն, այնուամենայնիվ, շարունակեց, որ երբ առաջացած խնդիրն իր նշած երկրներում առաջացել է, այս երկրների ղեկավարները կարողացել են դրանք լուծել ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով, ուստի, ինչպես ասում է պատմությանը ոչ քաջատեղյակ Թումանյանը, այստեղ տեղին է հիշել ֆրանսիական Ֆիգարոյի մի հրապարակում, որտեղ ասվում էր, որ եթե չես ուզում խնդիր ունենալ ֆեյսբուքի հետ, լավ եղիր Ամերիկայի դեսպանատան հետ:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Արման Թումասյանն էլ ընդգծեց, որ իրենք բողոքների դեպքում դիմելու տեղ չունեն. «Նստած է մի ռոբոտ. հեռախոսահամար չկա, որ զանգենք ինչ-որ մեկի հետ խոսենք` հասկանանք ինչումն է խնդիրը, և գործ ունենք միջազգային խարդախ համակարգի հետ: Ֆեյսբուքը ՀՀ բլոգերներին վաճառում է մեծ քանակությամբ լայքեր, մեկ լայքն արժե 40-50 դրամ, բլոգերները բիզնես ոլորտում իրենց համար ստեղծում են հարթակներ, իրենց նյութերը կամ բիզնեսն առաջարկելու համար հավաքում են լայքեր, դրանից որոշ ժամանակ անց ֆեյսբուքը վառում է և ոչնչացնում տվյալ հարթակները: Այնուհետև ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ստեղծել նոր հարթակներ: Որոշ ժամանակ առաջ մեր բլոգեր Տարոն Չախոյանի՝ մեծ թվով լայքի հարթակ ոչնչացրեցին` պատճառելով մեծ գումարների վնաս»:

Ասուլիսին ներկա մեկ այլ բլոգեր Տարոն Չախոյանը, ում բլոգային գրառումներից այդպես էլ Google-ը մեզ չկարողացավ ցույց տալ, հավելեց, որ ֆեյսբուքը ոչնչացնում է իր հարթակները, որից հետո որևէ պատասխան չի տալիս իր նամակներին. «Ֆեյսբուքը երբեք չի բացատրում, թե այս կամ այն քայլը ինչու է անում և երբ փորձում ես իրենից ճշտել, տալիս է նույն պատասխանը` «Մենք ունենք տեխնիկական խնդիրներ, մենք ձեզ հետ կկապվենք»: