Գրեթե մեկ ամիս անց Չելյաբինսկում հայտնաբերել են մայիսի 1-ին զբոսանքից հետո անհետացած տղամարդու ու նրա փոքր երեխայի մարմինը, հայտնում է «ՈւրալՊոլիտը» ։

Տղամարդն ու նրա երկու տարեկան որդին տնից դուրս էին եկել մայիսի 1-ին՝ զբոսնելու, որից հետո անհետացել էին։ Հաջորդ օրը անհետացածի կինը դիմել էր ոստիկանություն, որից հետո հարուցվել էր քրեական գործ, սակայն որոնումները ոչ մի արդյունք չէին տվել։

Մայիսի 28-ին տեղի բնակիչները հայտնաբերել են կասկածելի ՎԱԶ, որը կայանել էր Շահումյանի փողոցի բակերից մեկում, որտեղից փտող դիակի հոտ էր գալիս։ «Ապակիները մգեցված էին, դրա համար էլ ոչ ոք չէր տեսնում, թե ինչ է ներսում։ Տղամարդու ու տղայի մարմինները մեքենայի հետեւի նստատեղին էին։ Բռնի մահվան նշաններ, նախնական տվյալներով, չեն հայտնաբերվել։ Դատաբժշկական փորձագետի խոսքով մարմինները այնտեղ են գտնվել առնվազն երեք շաբաթ»,- պատմել է ՔԿ Չելյաբինսկի բաժանմունքի ղեկավար Իգոր Միտրոխինը։

Հիմա պարզում են հոր ու որդու մահվան ճշգրիտ պատճառը ։ Քննիչների տվյալներով, 48-ամյա տղամարդը թմրամոլ էր։ Նրա մարմնի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ։ Դրանց պարունակությունը կպարզվի փորձաքննությունից հետո։

Rusarminfo-ի տվյալներով, զոհվածները Հայաստանի քաղաքացիներ էին։