Հայերի ու քրդերի հանդեպ քին ու ատելություն սերմանող թուրքական իշխանամետ Yeni Akit պարբերականի գլխավոր խմբագիր Քադիր Դեմիրելն սպանվել է փեսայի կողմից։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ մայիսի 29-ի երեկոյան աշխատանքի վայրում գտնվող Քադիր Դեմիրելին հեռախոսով հայտնել են, որ աղջիկն ու փեսան վիճում են, ինչից հետո նա շտապ դուրս է եկել խմբագրությունից, եւ ուղեւորվել աղջկա տուն։

Քադիր Դեմիրելը տանը սկսել է վիճել փեսայի՝ Ջեմիլ Յավուզ Քարանֆիլի հետ։ Վեճը թեժացել է, որի ընթացքում փեսան դանակահարել է Քադիր Դեմիրելին, այնուհետ կնոջը՝ Էսմա Քարանֆիլին։

Հիվանդանոց տեղափոխված հոր ու աղջկան վիրահատության են ենթարկել, սակայն Քադիր Դեմիրելի կյանքը չի հաջողվել փրկել։

Նշվում է, որ փեսան դեպքից հետո ներկայացել է ոստիկանություն։