«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս իրավապահ մարմինների մի հայտարարություն կայծակնային արագությամբ տարածվեց լրատվամիջոցներով ու ողջ համացանցով:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.

«Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական բազմածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 25.05.2017 թ. ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ–ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմածավալ քննչական գործողություններ»:

Մեկնաբանություններ եղան, թե ոստիկանությունը երևի պատերազմ է հայտարարել Պետեկամուտների կոմիտեին: Այս միտքը, իհարկե, անհիմն ու մերկապարանոց է հնչում:

Սակայն «Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետեկամուտների կոմիտեն 50 միլիոն դրամի ակտ է գրել «Արսուգրիգ» ՍՊԸ–ի վրա, որի տերը Հովհաննես Հրաչի Պողոսյանն է: Հետո՞ ինչ, կասեք:

Բանն այն է, որ Հովհաննեսը ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հունան Հրաչի Պողոսյանի հարազատ եղբայրն է:

Չարախնդացողները կարող են ասել՝ դե ոստիկանները ձերբակալեցին «Բավրայի» մաքսակետի պետ Երեմ Մարգարյանին, ՊԵԿ–ն էլ «մուռը» հանեց փոխոստիկանապետից:

Բայց երեկ երրորդ գործողությունն էլ է կատարվել:

«Փաստի» տվյալներով՝ Հովհաննես Պողոսյանին 50 միլիոնով տուգանելուց հետո, երեկ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել Դեղատան փողոցում:

Բանն այն է, որ ՊԵԿ–ի աշխատակիցների ավտոմեքենաները (պետական և մասնավոր) կայանված են այս փողոցում: Ու ոստիկանությունը երեկ իսկական գրոհ էր կազմակերպել այս ավտոմեքենաների վրա:

Սխալ կայանելու համար բազմաթիվ վարորդներ տուգանվել են, ոմանց ավտոմեքենաները տուգանային հրապարակ են տեղափոխվել:

Բանը հասել է դիվանբաշուն: Երկու կողմերի ղեկավարներին տեղեկացրել են «պատերազմական» իրավիճակի մանրամասները:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում