«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Կառավարության կառուցվածքում կրճատում է արվում, քանի որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը համաձայնության չեն եկել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին նշանակելու հարցում:

Կառավարությունն առաջարկում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար քաղաքական պաշտոնը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով:

«Խաչաձեւ հարցաքննություններից հետո զեկուցողները խոստովանեցին, որ քաղաքականության հետ կապ ունի սա: Ո՞ւմ է խանգարում այս բառակապակցությունը, չեն պատասխանում եւ սկսում ենք մտածել խորքային քաղաքական դրդապատճառի մասին: Առաջին 10 ամիսներին տեղի է ունենալու իշխանության տրանսֆորմացիա: Կան երկու սուբյեկտ, որոնք կարող են 2018թ. դառնալ վարչապետ՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան: Նրանց միջեւ սկսելու է մրցապայքար իշխանությունը վերցնելու համար: Մամուլում տեղեկություններ կան, որ նախարարների նշանակման հարցում մթնոլորտը խաղաղ չի եղել, այդ կոնֆլիկտը եկել եւ կենտրոնացել է այս աշխատակազմի ղեկավար- նախարարի վրա: Եթե նախարար լիներ, Սերժ Սարգսյանն իր խոսքը պետք է ասեր, իսկ Կարեն Կարապետյանն ուզում է ունենալ իր սեփական անձին: Քանի որ համաձայնություն չի եղել, որոշել են այս փուլում կնքել զինադադար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: