Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը:

ԱԱԾ կենտրոնից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երեւան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին եւ հայտնել, թե իբր «Հրազդան» մարզադաշտում ռումբ կա տեղադրված:

«Հիշեցնում ենք, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է (ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված): Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր իրականացնելու համար»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: