«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելու սկանդալը շատ թանկ է նստել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների վրա: Ճիշտ է՝ հայաստանյան իրավապահ համակարգն աչք փակեց այդ աղմուկի վրա, եւ ՀՀԿ օգտին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործած տնօրեններն անպատիժ մնացին, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ նրանք խնդիր են ունենալու օտարերկրյա պետությունների հետ, եթե որոշեն դիմել համապատասխան դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀ-ում օտարերկրյա մի քանի պետությունների դեսպանատներ այդ սկանդալը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի եւ մանկապարտեզների տնօրենների անունների ամբողջական ցանկը: Կազմակերպությունն էլ, բնականաբար, տրամադրել է հետաքրքրող տեղեկությունը:

Թե ինչո՞ւ են դեսպանատներն ուզել այս տնօրենների անունները, դժվար չէ ենթադրել. նրանց անունը կհայտնվի սեւ ցուցակում, եւ այդ երկրները կարգելեն ընտրակեղծարարների մուտքն իրենց երկիր` մերժելով վիզայի տրամադրումը:

Հիշեցնենք, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Հիմա, փաստորեն, դեսպանատները պատրաստվում են վարվել ԱԺ ընտրությունների ժամանակ «աչքի ընկածների» հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում