Նախնական տվյալների համաձայն՝ Լամբադա կամրջի մոտ 23 համարի ավտոբուսի վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, չի կարողացել կառավարել ավտոբուսը: Այս մասին ասում է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի և կապի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Մեքենան սարքին էր: Վարորդը 60 տարեկան է, փորձառու է: Առավոտյան նա անցել է բուժզննում, որից հետո միայն անցել աշխատանքի: Վարելու ընթացքում իրեն վատ է զգացել, չի կարողացել կառավարել ավտոբուսը»,- ասաց նա:

Պաշտոնյայի խոսքով, նախնական տվյալով, ավտոբուսում եղել է 25 մարդ, վթարի հետեւանքով տուժել է նրանցից 10-ը, այդ թվում՝ վարորդը: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: Նրանց մեջ նաեւ երեխաներ կան: Նավասարդյանը հայտնեց, որ նրանցից 8-ն առաջին բուժօգնություն են ստացել եւ դուրս գրվել, եւս երկուսը՝ երեխա եւ երիտասարդ աղջիկ, շարունակում են բուժումը հիվանդանոցներում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել ժամը 18:00-ի սահմաններում:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am