«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության ձեւավորումից հետո նախարարներին եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարներին ընդունում է իր աշխատասենյակում։ Արարողակարգային այդ լուսանկարները, բնականաբար, ՀՀ նախագահի պաշտոնական կայքի միջոցով տարածվում են, եւ շատերի ուշադրությունն են գրավում հայալեզու եւ օտարալեզու այն գրքերը, որոնք խնամքով դրված-դասավորված են հանրապետության ղեկավարի սեղանին:

Այդ լուսանկարները շատերի կողմից քննարկման առարկա դարձան՝ ի՞նչ գրքեր են դրված, խնամքով շարված ՀՀ նախագահի գրասեղանին, որոնց դասավորությունը տարբեր հանդիպումների ընթացքում գրեթե չի փոփոխվում։ Արդյոք դրանք այն գրքերն են, որոնք Սերժ Սարգսյանը պարբերաբար ընթերցում է, թե՞ նրանք են, որոնք երկրի ղեկավարը նվեր է ստացել տարբեր առիթներով: Եվ, ի վերջո, որո՞նք են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրական նախասիրությունները։

Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «168 Ժամը» դիմեց ՀՀ նախագահին։

«Իմ աշխատասեղանին դրված գրքերը թե՛ տարբեր անձանց կողմից արված նվերներ են, թե՛ այն գրքերն են, որոնք ընթերցում կամ վերընթերցում եմ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում ժամանակի առումով: Ասեմ, որ աշխատասենյակում գրքերով շրջապատված լինելով՝ ինձ ինչ-որ տեղ գրքի, գիտելիքի զորությամբ ապահովագրված ու պաշտպանված եմ զգում:

Ինչ վերաբերում է գրական նախասիրություններին, ապա ներկայումս վերընթերցում եմ Նիալ Ֆերգյուսոնի «Քաղաքակրթությունը» եւ Հելմութ Շեկի «Նախանձը», ինչպես նաեւ Եղիշե Չարենցի ստեղծագործությունները»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում