Գյուղաբնակ կանանց սոցիալական կարգավիճակի գնահատման կարեւոր ցուցիչ է ամուսնական բռնության նկատմամբ կանանց ու տղամարդկանց վերաբերմունքը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում» զեկույցում:

Ըստ զեկույցի՝ «այն կանայք, որոնք գտնվում են բարեկեցության ամենացածր քվինտիլում (բնակչության 20 տոկոսը), ունեն կրթության շատ ցածր մակարդակ եւ գյուղական բնակավայրերից են, ավելի մեծ հավանականությամբ կընդունեն ընտանեկան բռնությունը: Մասնավորապես, երբ նրանց հարցրել են, թե արդյոք կարելի՞ է արդարացված համարել այն, որ ամուսինը ծեծում է կնոջը հետեւյալ դեպքերում. 1) վառել է կերակուրը, 2) վիճել է ամուսնու հետ, 3) դուրս է եկել առանց նրան տեղեկացնելու, 4) անտեսել է երեխաներին, եւ 5) հրաժարվել է նրա հետ սեռական հարաբերությունից:

Կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց 18.2 տոկոսն ամուսնական բռնությունն արդարացված է համարել այս իրավիճակներից առնվազն մեկի դեպքում: Այս ցուցանիշը չորս անգամ ավելի ցածր է բարձրագույն կրթություն ունեցող կանանց դեպքում:

Բարեկեցության ցածր մակարդակում գտնվող կանանց 13.9 տոկոսը եւ հինգ ու ավելի երեխաներ ունեցող կանանց 25.1 տոկոսը նույնպես դա արդարացված են համարում վերոնշյալ իրավիճակներից մեկի դեպքում. այս ցուցանիշն ավելի քան երեք անգամ կրճատվում է երեխաներ չունեցող կամ բարեկեցության առումով ամենաբարձր քվինտիլներում (բնակչության 20 տոկոսը) գտնվող կանանց դեպքում:

Գյուղական վայրերում բնակվող կանայք ավելի հանդուրժող են ամուսնական բռնության նկատմամբ. գյուղաբնակ կանանց 11.8 տոկոսն արդարացված է համարում այս ագրեսիան՝ ի տարբերություն քաղաքաբնակ կանանց 8 տոկոսի: Իրավիճակն ավելի վատ է Տավուշի մարզում, որտեղ կանանց 23 տոկոսն ընդունում է այն:

Թվերն ավելի բարձր են տղամարդկանց շրջանում: Գյուղական շրջաններում տղամարդկանց 28 տոկոսը կնոջ նկատմամբ բռնությունն արդարացված է համարում՝ ի համեմատ քաղաքային բնակավայրերի տղամարդկանց 14.8 տոկոսի: Թվերը բարձր են նաեւ տարրական կամ միջնակարգ կրթություն ունեցող եւ բարեկեցության ամենացածր քվինտիլներում (բնակչության 20 տոկոսը) գտնվող տղամարդկանց շրջանում, երբ համապատասխանաբար ավելի քան 25 եւ 31 տոկոսը նման բռնությունը համարում է արդարացված: Լոռու մարզի տղամարդկանց 56 տոկոսը արդարացնում է նման վարքագիծը: