Hraparak.am-ը գրում է.

Հաճախ եմ մտածում, թե ինչու են մեր առաջատար թիվիները հնդկական սերիալներ ցուցադրում։ Հասկանում եմ, որ դա նրանց քմահաճույքը չէ, որ դա պետական ինչ որ խնդիր է լուծում, բայց ոչ մի խնդրի լուծում ազգային նկարագիր կերտելուց բարձր չեմ տեսնում ու տարակուսում եմ՝ ինչու՞․․․

Հնդկական սերիալներ ցուցադրելու պատճառներն ավելի խորն են․․․

Նման անլուծելի խնդիրների դեպքում պետությունը փոքրացնում՝ ընտանիք, անհատ եմ դարձնում։

Կյանքի բուռն ստեղծագործական տարիներին գրող Սուրեն Այվազյանը բնակվում էր Գորիս քաղաքում։ Հրաշալի մարդ, մտավորական։ Գիտեինք նրա ազատ ժամերը և հաճախ էինք նրան այցելում։ Զարմանալին այն էր, որ ամեն անգամ, երբ նրա տուն էինք գնում, հնդկական սերիալ էր նայում։ Մի օր էլ, չհամբերեցի, հարցրի․

-Կասե՞ք ինչու՞ եք անընդհատ հնդկական սերիալներ նայում։

-Գիտե՞ք,- ժպտաց,- այնքա՜ն մտածելու, տառապելու բաներ կան։ Երբ ազատ եմ լինում, բոլորը հերթով ինձ այցի են գալիս ու սկսվում է կռիվը աշխարհի, մարդկանց, ինձ հետ։ Այս սերիալները ժամանակավորապես «բթացնում են ինձ», կտրում արտաքին աշխարհից, դարդ ու ցավից, առօրեական հոգսերից։ Սկսում եմ հարմարվել, խաղաղվել․․․

Սովետի տարիներն էին․ մտավորականը չէր կարող ծավալվել։ Ասեմ նաև, որ այդ ժամանակ ևս կինոները ողողված էին հնդկական սերիալներով ու հերթե՜ր էին։ Բայց այդ ժամանակ գոնե ավելի տանելի որակի սերիալներ էին։ Հիմա երևի այն ձեռք է բերվում շատ էժան գներով, որպեսզի ավելի շատ եկամուտ ստանան ու անգամ չեն մտածում փող ծախսել՝ իրենցը կատարելագործելու համար։ Գաղտնիք չէ, որ սերիալում ներկայացվում է ազգի կերպը, հայկական սերիալներն ամբողջովին ներծծված են սպանությունների, ինտրիգների թույնով, խաղաղությունն է պակասում։ Դրա վրա պետք է ուշադրություն դարձնել, դրսում սպանություն, դաժանություն, ինտրիգներ, եթերում՝ նույնը։ Եթերից նման բաներ նայելը մեղմ ասած «ոչ հեզ հանրություն կստեղծի»։ Հենց դա՞ չի պատճառը, որ ներմուծվում է հնդկականը։ 

Փորձում եմ ամբողջացնել։ Այս սերիալները մարդուն իրական կյանքից կտրելու միջո՞ց չեն, «մարդուն քնեցնելու», պայքարից խույս տալու, պարապ մարդկանց էներգիան միանգամայն այլ տեղ օգտագործելու քայլեր․․․ Տեսեք, թե ինչ սոսկալի ստրկական վիճակում ապրող մարդիկ կան, ու դուք փառք պիտի տաք ձեզ, որ ապրում եք այսպիսի ազատ պայմաններում։ Կարող եք ասել՝ խուսափեք, մի նայեք։ Բայց հիշեք, Հայաստանի շատ գյուղերում մի քանի ալիք է ցույց տալիս և ամենակարևորը՝ մարդիկ իրենք են ուզում կտրվել դարդ ու ցավից և մայրական առատ կաթի տեղ, երբ չկա, գոնե ծծակ օգտագործել․․․

Սա զուտ քաղաքականություն է, կարծում եմ։

Իսկ որ այս մեթոդը վերջնական լուծում չի, Սովետի փլուզումն ինքն ապացուցեց։

Նյութի աղբյուրը ` Hraparak.am