«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի արձակագիր Լեւոն Ջավախյանը չափազանց վտանգավոր է համարում լեզվի պետական տեսչությունը լուծարելու` կառավարության մտադրությունը: Նա դա որակում է որպես քայլ` ընդդեմ հայոց լեզվի:

Մեր զրույցում գրողը մտահոգություն էր հայտնում լեզվի պետական տեսչությունը լուծարելու փորձերի մասին, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:

- Հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը վատ է: Դպրոցներ են փակում, որ իրենք չեն բացել, գյուղեր են փակում, որ իրենք չեն հիմնել, հիմա էլ բանը հասել է լեզվի պետական տեսչությանը: Եթե ֆինանսական վիճակը վատ է, պիտի որ արգելեն մարդկանց հաց ուտելը, ինչպես որ ծխելն են ուզում արգելել:

Լեզուն ի՞նչ բան է: Լեզուն հայրենիք է: Հայրենիքը նախ հողային տարածքն է, դրա վրայի մարդը, ապա` լեզուն: Այդ երեքի հանրագումարն է հայրենիքը: Սրանք արդեն ուզում են հայրենիքի մի մասը թրատեն, սրատեն: Մեր ժողովրդի մեջ առաջ ռուսամոլություն էր, հիմա նաեւ եվրոպամոլություն ու ամերիկամոլություն: Եթե լեզվի տեսչությունը չլինի, վերահսկողություն չիրականացվի, շատերն իրենց գործունեության մեջ, իրենց գրագրություններում, բիզնեսում տուրք պիտի տան անգլերենին կամ ռուսերենին:

Ես չեմ թաքցնում, որ վարչապետի նկատմամբ համակրանք եմ ունեցել եւ իմ հարցազրույցներում էլ արտահայտել եմ, բայց, ինչպես հասկանում եմ, իր բիզնես մտածողության մեջ հայեցի մտածողությունը չի տեղավորվում, մարդը այդ առումով կարծես բարդույթներ ունի, եւ եթե այսպես շարունակի, ինձ նման բարեկամից ինքը կստեղծի իր լավագույն թշնամին: Լեզվի տեսչությունը չի՞ աշխատում, աշխատեցրու: Դա խիստ անհրաժեշտ կառույց է: Իմ կարծիքով լեզվի տեսչությունը ոչ թե պիտի լուծարել, այլ իրավունքները ընդլայնել, որովհետեւ հայերենը վտանգված է առավել, քան երբեւէ. հեռուստատեսությունը հայերեն չի խոսում, պատգամավորները մոռացել են` հայերենն ինչ բան է, ամենուր ոչ հայերեն գրություններ են: Լեզուն տեր պիտի ունենա եւ այդ տիրությունը պետք է լեզվի տեսչութունն անի:

Երբ ասում են` նրա իրավունքներն ու պարտականությունները տրոհում են տարբեր կազմակերպությունների միջեւ, ապա փաստորեն փոշիացնում են լեզվի պահպանման միջոցները: Իսկ որտեղ փոշիացումն է, այնտեղ էլ վերացումն է: Դա հոգեւոր պահպանության հարց է: Առանց հոգու մարդը անասուն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում