Կրթության եւ գիտության նախարարությունը մտադրություն ունի փոփոխություններ անել միասնական քննությունների համակարգում եւ հնարավորություն տալ դիմորդներին տարվա ընթացքում երկու անգամ հանձնել այդ քննությունները:

Այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ընդհանուր առմամբ նախատեսում են կատարել 3 բարեփոխում այս ոլորտում:

«Նախ եւ առաջ մտածում ենք պահել առաջին հայտի գերակայության սկզբունքը: Շատ են դեպքերը, երբ օրինակ տնտեսագիտական ֆակուլտետ ցանկացող դիմորդը ցածր միավորների պատճառով հայտնվում է Մաթեմատիկայի ֆակուլտետում: Այժմ մենք մտածում ենք, որ նախ առաջին հայտով դիմածները պետք է ընդունվեն, որից հետո միայն թափուր տեղի մրցույթ լինի, քանի որ համալսարանները բողոքում են որակից: Երկրորդ, մենք մտածում ենք տարվա մեջ երկու անգամ քննություն կազմակերպել, այսինքն յուրաքանչյուր երեխա հնարավորություն կստանա երկու անգամ քննություն տալ, որովհետեւ կարող է հուզված լինել եւ չկարողանալ լավ հանձնել քննությունները: Այս դեպքում պետք է ներդնել նաեւ էլեկտրոնային համակարգը ու անցկացնել TOEFL-ի տիպի քննություններ: Սա ֆինանսավորում է պահանջում, սակայն ոչ այդքան շատ: Կարծում եմ՝ հնարավոր է իրականացնել այդ նորամուծությունը: Երրորդ, վճարովի եւ անվճարի տեղերի մրցույթը պետք է առանձնացնել»,- ասաց նախարարը:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ նախատեսում են այս նորամուծությունները մտցնել մինչեւ հոկտեմբեր, որ հաջորդ տարվանից այս կերպ կազմակերպվեն միասնական քննությունները: Չի բացառվում, որ նախարարությունը մինչեւ այդ ժամկետը չհասցնի: